Արդյո՞ք բլոգերը պետք է հարկ վճարի իր աշխատանքի դիմաց ստացված եկամուտներից
Եթե բլոգերը մատուցում է գովազդային կամ այլ ծառայություններ, ապա ստացած եկամուտներից պարտավոր է վճարել հարկ:
Հիշեցում՝ Գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:
Արդյո՞ք բլոգերը պետք է հարկ վճարի ստացած գումարի, ապրանքի կամ ծառայության դիմաց մատուցած գովազդային ծառայությունից
Ծառայության մատուցումը դա մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումն է՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ կամ անհատույց: Այն դեպքում, երբ բլոգերը մատուցում է գովազդային ծառայություն՝ գումարի, ստացած ապրանքի կամ ծառայության դիմաց, ապա նա պետք է մատուցած գովազդային ծառայության արժեքին համապատասխան հայտարարագրի շրջանառությունը և վճարի հարկերը:
Ինչպե՞ս պետք է բլոգերը հաշվառվի որպես հարկ վճարող
Բլոգերը որպես հարկ վճարող պետք է հաշվառվի պետական ռեգիստրում՝ որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ գրանցվի որպես կազմակերպություն, որի միջոցով կիրականացնի ձեռնարկատիրական գործունեությունը:
Ի՞նչ հարկատեսակներ են կիրառվում բլոգերի համար և ի՞նչ պարտադիր վճարներ կան
Գովազային ծառայությունները հարկվում են շրջանառության հարկով կամ ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ): Կիրառվող հարկատեսակներից բացի, ԱՁ համարվող շրջանառության հարկ վճարողները վճարում են շահութահարկ՝ ամսական 5․000 դրամի չափով, իսկ 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անհատ ձեռնարկատերերը վճարում են նաև սոցիալական վճար՝ տարեկան 60․000 դրամի չափով, ինչպես նաև դրոշմանիշայի վճար:
Ո՞րն է համարվում շրջանառության հարկով հարկման օբյեկտ և ի՞նչքան է շրջանառության հարկի չափը
Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Ծառայության մատուցման մասով շրջանառության հարկի դրույքաչափը կազմում է իրացման շրջանառության 5%-ը:
Արդյո՞ք բլոգերը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյետ
Գովազդային ծառայություն իրականացնելու դեպքում՝ բլոգերը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյետ։
Արդյո՞ք բլոգերը, որպես ՀՀ ռեզիդենտ հարկ վճարող պետք է հարկ վճարի արտերկրում մատուցած ծառայության համար
ՀՀ ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողը վճարում է շրջանառության հարկ կամ շահութահարկ՝ անկախ ծառայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցելու հանգամանքից:
Ինչպե՞ս է իրականացվում փաստաթղթավորումը բլոգերի կողմից
Յուրաքանչյուր մատուցված ծառայության համար անհրաժեշտ է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ: Ֆիզիկական անձանց ծառայություն մատուցելու դեպքում ևս դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ՝ նշելով ֆիզիկական անձի անունը, ազգանունը և անձնագրային տվյալները:
Արդյո՞ք բլոգերը պարտավոր է փաստաթղթավորել ստացած ապրանքի կամ ծառայության դիմաց մատուցած գովազդային ծառայությունը
Այս դեպքում, նույնպես յուրաքանչյուր մատուցած ծառայության դիմաց դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ:
Ինչպե՞ս կարող է բլոգերն ինքնուրույն ներկայացնել հաշվարկները և վճարել հարկերը
Բլոգերը կարող է ինքնուրույն ներկայացնել հաշվարկները՝ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նույն հարթակի միջոցով կարող է վճարել նաև հարկերը՝ մուտք գործելով «էլեկտրոնային վճարումներ» բաժին:
Ե՞րբ պետք է բլոգերը ներկայացնի հաշվարկը ու վճարի հարկերը
Հաշվարկի ներկայացումը և հարկերի վճարումը կատարվում է՝
- շրջանառության հարկի դեպքում՝ եռամսյակային կտրվածքով՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,
- ԱԱՀ-ի դեպքում՝ յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,
- շահութահարկի դեպքում` յուրաքանչյուր տարի` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
Հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Հարկային օրացույց» բաժին:
Որո՞նք են բլոգերի կողմից իրականացվող քայլերը հարկային մարմնից ծանուցում ստանալու դեպքում
Ծանուցմամբ ներկայացված անհամապատասխանությունների մասով՝
- վերանայել ստացված եկամուտները, բացթողումների մասով դուրս գրել համապատասխան հաշվարկային փաստաթղթերը,
- ներկայացնել հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված) և վճարել դրանից առաջացող հարկային պարտավորությունների գումարները,
- անհամաձայնության դեպքում` հարկային մարմին ներկայացնել հիմնավորումներ:
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված բլոգերի համար՝ հարկերի վճարումից խուսափելու կամ օրենքը խախտելու դեպքում
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ` առաջադրելով պակաս հաշվարկված հարկային պարտավորությունները, ինչպես նաև դրանցից բխող տույժերը և տուգանքները: