Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը խոսելով Ադրբեջանում պահվող ռազմաքաղաքական գործիչների հնարավոր ազատ արձակման մասին, ասաց․
«Կան շարունակաբար տարվող աշխատանքներ, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել, ու սա ևս վկայություն է, թե որքան ցանկալի են ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները Ադրբեջանի իշխանությունների համար, և մյուս կողմից, այո, Արցախի ինքնորոշման իրավունքի կործանումը եղել ու շարունակաբար մնալու է ադրբեջանական քաղաքականության շրջանակում։
Կան գործընթացներ, որոնց շրջանակներում կարող ենք սպասումներ ձևավորել, որ այս անձինք կարող են ազատ արձակվել, ինչպես գիտեք՝ մեծ սպասումներ կան COP 29-ի համատեքստում, որն ունի մարդու իրավունքների առանցքային կոմպոնենտ»։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ իրատեսական մոտեցման պարագայում ղեկավարության ազատ արձակման կանխատեսում չկա, ու հիմա էլ ՄԻԵԴ-ի միջոցով աշխատանքներ են տարվում Ադրբեջանի կառավարության հետ։
«Ադրբեջանը քաղբանտարկյալների թվաքանակով աշխարհի պետությունների առաջատար երկրների շարքում է, և ՄԻԵԴ-ը քաղաքական նկատառումներով իրավունքների չարաշահման հարցով մեծաթիվ դատական ակտերը կայացրել է հենց Ադրբեջանի դեմ, ուստի որևէ սպասում չպետք է ձևավորել, որ այդ դատական գործընթացի միջոցով կարող է բացահայտվել ճշմարտությունը։ Մեր պայքարի իրական հարթակը միջազգային ատյաններն են»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։