Երևանը Բաքվին առաջարկում է խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները ստորագրել մինչև նոյեմբերի 29-ը` COP–29–ը։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նա ընդգծել է, որ համաշխարհային անվտանգության տեսանկյունից մարդկությունը շարունակում է ականատես լինել հակամարտությունների և ճգնաժամերի աճող թվին, ինչը ծանր ազդեցություն են ունենում խաղաղ բնակչության վրա։
«Մեր կառավարությունը հանձնառու է մեր տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն և ներկա դինամիկան փոխակերպելու համագործակցության։ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը` այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,– ասել է Փաշինյանը:
Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նպատակ ունի բացել տարածաշրջանի տնտեսական ներուժը և ամրապնդել տնտեսական և մշակութային կապերը։
Փաշինյանը վստահեցրել է` Հայաստանը պատրաստ է օգտագործել դրական տեմպը և շարունակել սահմանների սահմանազատման գործընթացը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկել էր ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Այն ժամանակ նա հայտնել էր, որ համաձայնեցվել է 16 հոդվածից 13-ը։
Ադրբեջանի նախագահը սեպտեմբերի 23-ին երկրի խորհրդարանում հայտարարել է, որ հայկական կողմը, ուղարկելով Բաքվի վերջին առաջարկների պատասխանը, բոլոր չհամաձայնեցված դրույթները հանել է խաղաղության պայմանագրի նախագծից: Ալիևի խոսքերից ստացվում է, որ Երևանն իր վերջին պատասխանում փոխանցել է 16 հոդվածներից 13-ը: Նա հայկական ղեկավարության գործողություններն անվանել է «ոչ ադեկվատ և պարզունակ»։