Կյանքից հեռացել է Վանաձորի դրամատիկական թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստուհի Հասմիկ Ալեքսանյանը։ Այս մասին հայտնում են Վանաձորի դրամատիկական թատրոնից։
«Ցավակցում ենք հարազատներին, մտերիմներին, երկրպագուներին, թատերասերներին՝ անդառնալի կորստի համար…»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հասմիկ Ալեքսանյանը ծնվել է 1945 թվականին, Երևանում։ Վաղ հասակից ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստանի Մայկով քաղաք, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1969 թվականին վերադարձել է Երևան և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ՝ Վարդան Աճեմյանի արվեստանոց։ 1973 թվականին, ինստիտուտն ավարտելուց հետո, Վահե Շահվերդյանի հրավերով, աշխատել է Կիրովականի պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։ 1999 թվականից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, 2011 թվականից, զուգահեռ՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի։
Խաղացել է շուրջ 80 թատերական դեր տարբեր ներկայացումներում։