Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից․ վարչապետ

«Մեզ քննադատում են նրա համար, որ մենք, օրինակ, Ֆրանսիայի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, Հնդկաստանի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն: Ադրբեջանում կա հետևյալ միտումը՝ խոսում են, թե արտատարածաշրջանային երկրները զինում են Հայաստանին՝ նկատի ունենալով, օրինակ, Ֆրանսիային: Բայց ակնհայտ է, հրապարակային է, որ Ադրբեջանը, օրինակ, զենք է ձեռք բերում Իտալիայից: Ֆրանսիայի կողքի երկիրն է, ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից: Ադրբեջանը զենք է ձեռք բերում, օրինակ, Պակիստանից: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Պակիստանից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից: Ասում են՝ ԵՄ-ն, Արևմուտքը զինում է Հայաստանին. Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից: ԵՄ-ի առնվազն 3 անդամ երկրներ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ: Ադրբեջանը ահռելի մեծ ծավալի զենք է ձեռք բերում Իսրայելից»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանն ամեն օր այդ տվյալների մասին չի բարձրաձայնում, բայց այդ ամենը գիտի, ստանում է հետախուզական ճանապարհներով:

«Բազմիցս եմ ասել, որ ցանկացած պետություն ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու իրավունք։ Միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը զինված ուժեր ունենալու, ինքնապաշտպանվելու իրավունքը համարում է անօտարելի իրավունք։ Այսինքն, ցանկացած երկիր ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի և այդ իրավունքը որևէ կերպ չի կարող վիճարկվել, որովհետև միջազգային իրավունքում նաև հանրահայտ պարտավորություն կա պետությունների համար՝ իրենց քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությունը»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ Զինված ուժերում, ունեն միայն ու միայն այս նպատակը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել