Զավեն Խ․-ին մեղադրանք է առաջադրվել․ նա, 2023թ. մայիսի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակարաններից մեկում իր մայր՝ Կատյա Խ․-ին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նախ ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև ձեռքերով սեղմել է Կատյա Խ․-ի պարանոցը, ինչի հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից վերջինս մահացել է:
Գործը դատարան է ստացվել 2023 թվականի օգոստոսի 7-ին և մակագրվել է դատավոր Արամ Մարտիրոսյանին։
Զավեն Խ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրյալ Զավեն Խ․-ն դատալսումների ընթացքում օգտվելով իր սահմանադրական իրավունքից հրաժարվել է ցուցմունք տալուց և նշված հիմքով կողմի միջնորդությամբ և դատարանի որոշմամբ հրապարակվել է մեղադրյալի՝ նախաքննության ընթացքում պաշտպանի մասնակցությամբ տված խոստովանական ցուցմունքները, մասնավորապես՝ 2023 թվականի մայիսի 7-ին որպես ձերբակալված Զավեն Խ․-ն տվել է ցուցմունք այն մասին, որ «2023 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում մորը հաց է տվել, որպեսզի ուտի։
Հաց ուտելու ընթացքում մայրը սկսել է վիճել իր հետ, ասել է՝ դու ինչ տղա ես, հեսա կինդ տները կգրանցի իր վրա, իրեն կհանի և տանից դուրս կգցի։ Այդ ժամանակ ինքը մորն ասել է, որպեսզի լռի, այլևս նման բաներ չասի, սակայն նա շարունակել է նույն բաներն ասել իրեն։
Նշել է, որ այդ խոսակցության ժամանակ մայրը մեջքի վրա պառկած է եղել իր անկողնում, իսկ ինքը նստած է եղել նրա անկողնու վրա։ Մոր ասած բառերից ինքը բարկացել է և աջ ձեռքի ներսի մասով՝ ափով 4-5 անգամ ուժեղ հարվածել է մոր դեմքին՝ բերանի և քթի հատվածին, որից հետո երկու ձեռքով բռնել է մոր պարանոցից և սկսել խեղդել նրան։
Մայրը երկու ձեռքերով բռնել է իր թևերից, ճանկռել է թևերը և փորձել է դիմադրել իրեն, այս ու այն կողմ է շարժվել, սակայն ինքը շարունակել է խեղդել նրան և երբ մայրն արդեն թուլացել է, թողել ձեռքերը, անշարժացել, այլևս ձայն չի հանել և էլ չի դիմադրել իրեն՝ ինքը թողել է նրա պարանոցը և տեսել, որ նա անշարժացել է։
Երբ ինքը բռնել է մոր պարանոցից և սկսել խեղդել նրան ու ինքը թուլացել է, այդ ամենը տևել է մոտ 1 րոպե, որից հետո մայրը թուլացել է և ինքը զգալով, որ այլևս չի դիմադրում իրեն՝ թողել է նրա պարանոցը։
Նշել է, որ երբ ձեռքով 4-5 անգամ հարվածել է մոր բերանին և քթին, այդ ժամանակ նրա բերանից և քթից արյուն է եկել։
Զավեն Խ․-ի փոխանցմամբ՝ ինքը բացի իր կողմից նշած 4-5 անգամը մոր մարմնի այլ մասերին չի հարվածել։
Նշել է նաև, որ մայրը դժվարությամբ է կարողացել վեր կենալ տեղից, անկողնուց բռնել է նոր միայն դժվարությամբ կարողացել է կանգնել, քայլել է ձեռնափայտով, սակայն չի կարողացել միայնակ շոր հագնել, հագել է իր օգնությամբ։ Միայնակ չի կարողացել հոգալ բնական կարիքները, ինքն է նրան օգնել հոգալ բնական կարիքները, լվացվել։
Ամբաստանյալի խոսքով՝ հացը մանրացրել են, նոր միայն մայրը կարողացել է ուտել։ Միաժամանակ հայտնել է, որ զղջում է կատարածի համար, լիովին ընդունում է մեղավորությունը և խնդրել է իր նկատմամբ մեղմ վերաբերվել:
Դատարանը հաստատված է համարել այն, որ 2023 թվականի մայիսի 06-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, բնակարանում անկողնային վիճակում գտնվող Կատյա Խ․-ն որդուն՝ Զավեն Խ․-ին, հայտնել է, որ նրա կինը՝ Ասյա Մ․-ն, բնակարանն իր անվամբ կգրանցի և իրեն բնակարանից դուրս կհանի, ինչի շուրջ վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որից դրդված, Զավեն Խ․-ն ապօրինաբար մորը կյանքից զրկելու դիտավորությամբ նախ ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև ձեռքերով սեղմել է Կատյա Խ․-ի պարանոցի օրգանները, ինչի հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից վերջինս մահացել է։
Դատարանը վճռել է Զավեն Խ․-ին մեղավոր ճանաչել և որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 16 տարի ժամկետով, պատժի կրման սկիզբը հաշվելով արգելանքի վերցնելու պահից՝ 2023 թվականի մայիսի 6-ից:
Վճիռը բողոքարկվել է և 2024 թվականի հունվարի 16-ին ստացվել Վերաքննիչ դատարան։
Դատարանը որոշել է մերժել բողոքը և վճիռը թողնել անփոփոխ։