Կարմիր, կապույտ, կանաչ, սպիտակ. ՀՀ կառավարություն այսօր որոշեց, որ Երևանի ավտոկայանատեղերի «Ա» գոտին կլինի կարմիր, «Բ» գոտին` կապույտ գույնով։
Էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման համար վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը կառանձնացվի կանաչ գույնի գետնանշմամբ, իսկ ծառայողական ավտոկայանատեղերինը` սպիտակ։
Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Ինչ վերաբերում է ծառայողական ավտոկայանատեղերին, ապա դրանք կառանձնացվեն սպիտակ գույնի գետնանշմամբ:
«Ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից ելնելով, կարող է իրականացվել ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` սպիտակ ներկանյութով, այդ թվում՝ սպիտակ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում»,– ասված է որոշման մեջ:
Նշվում է, որ այսպիսով վարորդները կկարողանան գետնանշման գունային տարբերությամբ հեշտորեն միմյանցից տարբերակել ծառայողական ավտոկայանատեղերը, այլ վճարովի ավտոկայանատեղերը, այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը: