Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն`
1) բացահայտ կամ գաղտնի մեթոդներով իրականացնելու «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված միջոցառումները.
2) հատուցումով կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի համագործակցելու ցանկություն հայտնած անձանց հետ.
3) օգտագործելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին պատկանող շինությունները, հատուկ և այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցները:
Ազգային անվտանգության մարմինները և ոստիկանությունը օրենքով սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ, ինչպես նաև օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր:
Օրենքով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների, միջազգային իրավապահ կազմակերպությունների հարցումների հիման վրա:
Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն վերը նախատեսված իրենց իրավունքներն իրականացնելու ի շահ կամ ի վնաս որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ միջամտելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կուսակցությունների գործունեությանը: