Բիզնես նախաճաշի ֆորմատով «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները հանդիպեցին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, փոխնախարարներ՝ Արման Պողոսյանին և Ավագ Ավանեսյանին։
Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։
Հանդիպման ընթացքում ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը նշեց, որ արդյունավետ կառավարման մոդել ձևավորելու համար կարևոր է, որպեսզի, թե՛ բիզնեսը և թե՛ պետությունը կարողանա երկխոսության ճիշտ մեխանիզմներ կիրառել, որպեզի համագործակցությունը ստացվի ի շահ մեկ գերագույն նպատակի՝ հզոր պետության կայացման։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց Ֆինանսների նախարարության գործունեությունը և բիզնեսի ներգրավվածության կարևորությունը՝ կատարվող աշխատանքներում։
Հարկային քաղաքականության ճիշտ կայացման և սոցիալական արդարության ձևավորման գործում նախարարը ընդգծեց, որ իրենց համար կարևոր է, որպեսզի բիզնեսը զգա, որ այն հարկերը, որոնք վճարում է պետությանը՝ ուղղված է աջակցելու, որպեսզի բիզնեսները ավելի լավ պայմաններ ունենան աշխատելու։
Այստեղ կարևորվեց նաև բյուջետավորումը, որտեղ կարևոր է, որպեսզի ծախսվող ֆինանսները մաքսիմում օգուտ տան պետությանն ու ծառայեն այն ռազմավարական առաջնահերթություններին, որն ունի մեր պետությունը։
Հովհաննիսյանը նաև փաստեց, որ այսօր շատ դեպքերում բիզնեսի վստահության խնդիր կա, որտեղ ակումբը պետք է օգնի, որպեսզի պետությունը հասկանա, թե ո՞ր բիզնեսն է ավելի վստահելի, որպեսզի այսպիսով հնարավոր լինի պահպանել նաև բարևարքության կանոնները:
Հանդիպման ավարտին հարց-պատասխան ֆորմատով ակումբականները նախարության ներկայացուցիչներին ուղղեցին իրենց հուզող հարցերը։