Հրազենային վնասվածքներ ստացածներից մեկը հիվանդանոցում մահացել է. կան ձերբակալվածներ

Հուլիսի 17–ի ժամը 22.41-ին «Սևան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, ներքին արնահոսությամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա, 56-ամյա և 41-ամյա երեք տղամարդ. առաջին երկուսը՝ Սևան քաղաքի, երրորդը՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ։

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հրազենային վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ժամը 22.20-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի հարակից հյուրանոցային համալիրին կից քոթեջում ձերբակալվել և ոստիկանության Սևանի բաժին է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի՝ 19-ամյա և Տավուշի մարզի Կողբ բնակավայրի՝ 40–ամյա բնակիչ երկու տղամարդ։

Ձերբակալման ժամանակ քոթեջի հյուրասենյակի սեղանին եղել է «Մակարովի» նմանվող ատրճանակ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ 19–ամյա երիտասարդը և 40–ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի հարակից հյուրանոցային համալիրում հանգստանալիս վիճաբանության մեջ են մտել նշված վայրում հանգստացող Սևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա երկու տղամարդկանց և Երևան քաղաքի բնակիչ 36–ամյա կնոջ հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 37-ամյա և 41-ամյա տղամարդիկ, ինչպես նաև հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա աշխատակիցը ստացել են հրազենային վնասվածքներ։

Հուլիսի 18-ի ժամը 6.40-ին «Սևան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ որովայնի շրջանում հրազենային վնասվածքներ ստացած Սևան քաղաքի 37–ամյա բնակիչը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, դեֆորմացված գնդակի նմանվող դետալներ, արնանման հետքեր: Հայտնաբերվել և առգրավվել են նաև երկու ատրճանակներ՝ փամփշատուփում փամփուշտներով։ Առգրավվել և զննության է ենթարկվել նաև տեսահսկող սարքը։

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նորատուսի բնակիչ՝ 19–ամյա և Կողբի բնակիչ՝ 40–ամյա տղամարդիկ ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել