Ներկայացվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի տարածքում աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարարան կառուցելու մասին նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայկական ատոմային էլեկտրակայանի  տարածքում աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարարան կառուցելու մասին նախագիծ։

Հիմնավորման մեջ ասվում է, որ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում գործող աշխատած միջուկային վառելիքի կառավարման սխեմայի համաձայն՝ ռեակտորի ակտիվ գոտում սահմանված ժամանակ աշխատելուց հետո միջուկային վառելիքային կասետները տեղադրվում են ռեակտորի մոտ գտնվող պահպանման ավազանում, մինչև որ նրանց մնացորդային ջերմանջատման և ռադիացիոն ճառագայթման մակարդակը հնարավորություն կտան տեղափոխել դրանք միջնաժամկետ պահպանման համար նախատեսված «Աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարան»․

«Ներկայումս «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում շահագործվող ԱՄՎՉՊ-ն բաղկացած է երեք մասնաշենքից: Պահեստարանների լիցենզավորման գործընթացը իրականացվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 24 մարտի 2005 թվականի №400-Ն որոշման պահանջներին համապատասխան:

Առաջին մասնաշենքը շահագործման է հանձնվել 2000 թվականին և բաղկացած է 11 հորիզոնական պահպանման մոդուլներից (այսուհետ նաև՝ ՀՊՄ):

Երկրորդ մասնաշենքը շահագործման է հանձնվել 2008 թվականին և բաղկացած է 12 ՀՊՄ-ից:

Երրորդ մասնաշենքը շահագործման է հանձնվել 2016 թվականին և նույնպես բաղկացած է 12 ՀՊՄ-ից: ՀՊՄ-ում 2024 թվականին նախատեսված է տեղադրել հերթական խմբաքանակը, որից հետո ԱՄՎՉՊ-ում աշխատած միջուկային վառելիքային կասետների միջնաժամկետ պահպանման համար ազատ ծավալներ այլևս չեն լինի:

Հետևաբար, ՀԱԷԿ-ի անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ կլինի 2024-2025 թվականերին կառուցել և շահագործման հանձնել ԱՄՎՉՊ-ի չորրորդ մասնաշենքը` որը նույնպես բաղկացած կլինի 12 ՀՊՄ-ներից:

Նոր պահեստարանի կառուցման գործընթացը նախատեսված է ՀՀ Կառավարության 2019 թվականի  հունվարի 10 «ՀՀ առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող՝ 2019-2026 թվականների միջոցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» N3-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 2-ով՝

Վերոհիշյալ որոշման հավելված 1-ով հաստատված Ծրագրի համաձայն՝

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման գործընթացի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շահագործման արդյունքում առաջացած ու հետագայում առաջացող ռադիացիոն թափոնների, ինչպես նաև աշխատած ,իջուկային վառելիքի /ԱՄՎ/ կառավարման համակարգի արդիականացում, որը ներառելու է.

12) ԱՄՎ-ի՝ «չոր» եղանակով պահման համար նախատեսված պահեստարանի երրորդ հերթի (12 մոդուլներով) կառուցում ու շահագործման հանձնում.

13) ԱՄՎ-ի նոր պահեստարանի կառուցում ու շահագործման հանձնում՝ հաշվի առնելով ԱՄՎ-ի պահման ուղղահայաց ու երկակի օգտագործման կոնտեյներների միջազգային փորձը»,-ասված է հիմնավորման մեջ։

 Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի հերթական մասնաշենքի կառուցումը, որի ընդունման արդյունքում ակնկալվում է 2024-2025թ.թ. ընթացքում կառուցել և շահագործման հանձնել ԱՄՎՉՊ-ի չորրորդ մասնաշենքը` որը նույնպես բաղկացած կլինի 12 ՀՊՄ-ներից:

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ժդ» ենթակետի համաձայն՝

անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները կառուցվում և շահագործումից

 հանվում են օրենքովկառավարության ներկայացմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել