Այսօր՝ հուլիսի 16-ին, ԲԴԽ-ում քննարկվում է դատավոր Վահե Դոլմազյանին պատասխանատվության ենթարկելու հարցը։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ իրենց գնահատմամբ դատավորը լուծել է իր որոշման շրջանակներում այնպիսի հարցեր, որոնց իրավասությունը դատարանը չուներ։
Նա նշեց նաև, որ դատարանի կողմից անտեսվել են համապատասխան իրավական նորմերը, որոնք կարգավորում են դատարանի գործունեությունը կամ չեն կիրառվել կոպիտ անփութության հետևանքով։
«Լիազոր մարմինը գտնում է, որ դատարանի կողմից համապատասխան խախտուները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը կարող էր և պարտավոր էր գիտակցել իր կատարած խախտման բնույթը և դրա իրավական հետևանքները»,-ասաց նա։
Արդարադատության նախարարից որոշում է կայացվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության հարցը քննարկելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել ԲԴԽ, ինչը խնդրեց բավարարել։
Անցնելով հարցուպատասխանի փուլին՝ դատավոր Վահե Դոլմազյանը հարցրեց, թե միջնորդությունը, որ ներկայացվել է դատարանին, դրա եզրափակիչ մասը համապատասխանո՞ւմ է արդյոք «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջներին։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ասաց՝ այո։
Նաև հարցրեց, թե պահպանվե՞լ են արդյոք ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դատարանի նկատմամբ կայացված կարգապահական վարույթի ընթացքը։ Ներկայացուցիչն ասաց, որ պահպանվել են նշված վարույթի իրականացման կանոնները։
Հաջորդ հարցը վերաբերում էր այն հանգամանքին, թե Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ուղեկցողն ինչ-ինչ պատճառներով ԱԺ անցագրային կետից հետո Դավիթ Տոնոյանին որևէ այլ տեղ է ուղեկցել, ապա արդյո՞ք դատավորը հնարավոր հետևանքների համար կարող է պատասխանատու լինել, եթե ուղեկցողը չի կատարել պահանջը:
ԱՆ ներկայացուցիչն ասաց՝ ծառայողի ոչ իրավաչափ գործողությունների հետևանքներն արդեն գնահատականի են արժանացել տվյալ ծառայողների նկատմամբ հարուցված կարգապահալան վարույթի շրջանակներում, և համապատասխան աշխատակիցները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության։