Հուլիսի 1-ին, ժամը 22.16-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց. մի քաղաքացի հայտնում էր, որ Եզնիկ Կողբացու փողոցում կրակոցի նմանվող ձայներ է լսել: Տեղեկությունը ստուգվեց անմիջապես։ Պարզվեց՝ ժամը 22.10-ին անհայտ մակնիշի ավտոմեքենան անցել է Կողբացու փողոցով, և այդ ընթացքում մեքենայից արձակվել են կրակոցներ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ արարքը կատարել են 30 և 34 տարեկան երեք տղամարդիկ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 3-ին նրանցից մեկը ներկայացավ քննչական բաժին։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին։
Բացատրական աշխատանքի շնորհիվ հաջորդ օրը քննչական բաժին ներկայացավ նաև մյուս տղամարդը:
Նախաքննական մարմին ներկայացածներից մեկը դատարանի որոշմամբ կալանավորվել է, մյուսը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: