Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոսպոս Սարոյանը հունիսի 24-27-ը Արևելյան Եկեղեցիների վերատեսչության վերատեսուչ Կարդինալ Կլաուդիո Գուջերոտտիի հրավերով գտնվում էր Վատիկանում՝ մասնակցելու Արևելյան Եկեղեցիների օգնության բարեսիրական հաստատությունների (ROACO) 97-րդ լիագումար ժողովին։
Այս մասին հայտնում են Մասյացոտնի թեմից։
Ժողովում կարդացած իր զեկույցում նա անդրադարձել է արցախցի բռնագաղթյալ մեր հայրենակիցների խնդիրներին։ Սրբազան հայրը նաև հանդիպել ու առանձնազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանչիսկոսի հետ՝ նրան փոխանցելով ամբողջ աշխարհի հայության ողջույնները և խնդրելով, որ աղոթի Արցախից տեղահանված մեր եղբայրների և քույրերի համար։
ROACO-ին ուղղված իր ճառում Ֆրանչիսկոս պապը շնորհակալական խոսքով նաև դիմել էր Գևորգ սրբազանին՝ մասնավորապես ասելով. «Այս օրերին Դուք կենտրոնացաք նաև Ղարաբաղի տարածաշրջանից տեղահանվածների մարդասիրական իրավիճակի վրա. շնորհակալություն այն ամենի համար, որ արվել է ու պիտի արվի տուժածներին օգնելու համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Նորին Գերազանցություն Գևորգ եպս Սարոյանին այս օրերին իր ներկայության համար։ Խնդրում եմ, որ տուն վերադառնալով՝ նա իմ եղբայրական ողջույնները փոխանցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին և սիրելի հայ ժողովրդին»։
Ռադիո «Վատիկանի» հայկական բաժանմունքը հանդիպել և զրուցել է Գևորգ եպս Սարոյանի հետ ROACO-ի ժողովում նրա կարդացած զեկույցում հնչեցված, ինչպես նաև այլ խնդիրների շուրջ։
Սրբազան հայրը մասնավորապես ասել է, որ «քանի դեռ արցախցիները խնդիր ունեն, մենք պետք է աշխատենք», և «մեր երազը, իղձն ու հավատքը այն է, որ նրանք վերադառնան իրենց հայրենի հող, հարգվեն նրանց իրավունքները, և միջազգային հանրությունը հասկանա, որ պատահածը մարդկության դեմ հանցագործություն է, 1915 թվականի ցեղասպանության շարունակությունը»։
«Տեղի ունեցած իրադարձությանը պետք է տրվի քաղաքական գնահատական և քայլեր ձեռնարկվեն, որ արցախահայության իրավունքները պաշտպանված լինեն սեփական հողի վրա»,- հարցազրույցում նշել է Գևորգ սրբազանը՝ նաև դրական նկատելով հարցի նկատմամբ Վատիկանի մոտեցումը, որը կարող է մտածել տալ, որ «Արցախի հայ քրիստոնյաները միայնակ չեն և Կաթոլիկ Եկեղեցին կիսում է նրանց ցավը»։
Գևորգ եպս Սարոյանը կարևոր է համարել, որ միջազգային հանրությունը, բարեկամ պետություններն ու Եկեղեցին հաստատեն, որ «Արցախի քրիստոնյաների դեմ տեղի ունեցածը էթնիկ զտում է»։