Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից

2024թ. հուլիսի 07-ին՝ ժամը 00։35-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում կանչով մեկնած շտապօգությունն արձանագրել է 54-ամյա Կարեն Խաչատրյանի մահը՝ հրազենի գործադրմամբ։ Այս մասին գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Դեպքի փաստով 2024թ. հուլիսի 07-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շրջանակում ստացված խիստ նախնական, քննությամբ դեռևս լիարժեք ստուգման ենթակա տվյալներով Կ. Խաչատրյանը նույն օրը՝ ժամը 00։30-ի սահմաններում, իրենց տանը, իրեն ամրակցված «BERETTA APX» տեսակի հրազենը մաքրելու ժամանակ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։
Դեպքի վայրի զննությամբ, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Կ. Խաչատրյանի մարմինը` աջ աչքի հատվածում հրազենային վնասվածքով։ Առգրավվել է հիշյալ հրազենը, մեկ կրակված պարկուճ, վերցվել են արյան հետքեր։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսբանական և դատաքիմիական փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները պարզելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։
Նախաքննությունը շարունակվում է», – նշվել է Աբրահամյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել