Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած զոհված զինծառայողներ ունեցող 4 ընտանիքների կտրամադրվի 1-միլիոնական դրամ աջակցություն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Տուժած մյուս ընտանիքներին, մասնավորապես Ալավերդի համայնքի և Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր անդամի հաշվարկով կտրամադրվի 60 000 դրամ։
Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամին կտրամադրվի 40 000 դրամ։
Աջակցության գումարները կվճարվեն նաև դոնոր կազմակերպությունների կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին։