Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի հուլիսի 1-ի որոշմամբ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանն ազատվել է պաշտոնից։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով և ամփոփելով կատարած աշխատանքը։
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօրվանից դադարեցնում եմ աշխատանքս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում՝ դիմումիս համաձայն։ Նախարարի տեղակալի պաշտոնում պաշտոնավարմանս ավելի քան երկու տարվա ընթացքում համակարգել եմ կապի և տիեզերական գործունեության ոլորտները, վերջին մի քանի ամսվա ընթացքում նաև փոստային կապի ոլորտի աշխատանքները։ Պաշտոնավարմանս ընթացքում, ի թիվս այլնի, արվել են հետևյալ հիմնական աշխատանքները․
- Շահագործման են հանձնվել Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի կառավարման կենտրոնն ու ընդունիչ կայանը, իսկ արբանյակի շահագործումն իրականացվում է ըստ նախանշված ծրագրի,
- Մշակվել է Տիեզերքի ռազմավարությունը, որի ընդունման գործընթացը մոտեցել է վերջին փուլին,
- Ռադոմոնիթորինգի եռամյա ծրագրի 2022-23 թվականների աշխատանքներն իրականացվել են նախատեսված ամբողջ ծավալով և բոլոր հիմքերը նախապատրաստված են 2024 թվականին ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։
Աշխատանքիս մաս են կազմել նաև բազմաթիվ նիստեր, քննարկումներ, բանակցություններ, որոնցում հաջողելու համար ջանք չեմ խնայել։
Շնորհակալ եմ այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԲՏԱ նախարարներ Ռոբերտ Խաչատրյանին և Մխիթար Հայրապետյանին»,-նշված է գրառման մեջ։