«Մենք շատ կարևորում ենք այս սահմանազատման գործընթացի այս սկզբունքներով շարունակականությունը»․ Միրզոյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 3-ին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Թբիլիսիում։

Վրաստանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը, ՀՀ ԱԳ նախարարն իր խոսքում նշել է.

«… Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասով․ շնորհակալ եմ և՛ նկատել ենք, և՛ գնահատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման գործընթացը Ձեր կողմից ողջունելը, գործընթաց, որը տեղի է ունենում, երբ երկու կողմերը պայմանավորվեցին Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ մտքում ունենալով այն տարածքային ամբողջականությունը և այն սահմանները, որոնք հաստատվեցին մեր բոլոր երկրների միջև Սովետական Միության փլուզման պահից ի վեր, երբ սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները (վարչական սահմանները) վերածվեցին միջպետական սահմանների։

Մենք շատ կարևորում ենք այս սահմանազատման գործընթացի այս սկզբունքներով շարունակականությունը։

Սրան զուգահեռ, ինչպես ասացիք, հարգելի՛ պարոն նախարար, կա խաղաղության կամ հարաբերությունների հաստատման պայմանագիր, և այստեղ ևս Հայաստանը նախկինի պես շատ կառուցողաբար է տրամադրված։ Հայաստանի առաջարկները, մոտեցումները թափանցիկ են։ Հուսով ենք և իրատեսական ենք համարում և ես ինքս նաև հայտարարություն եմ արել այն մասին, որ մենք մեկ ամսվա ընթացքում կարող ենք արագ, ինտենսիվ աշխատելով, ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել Ադրբեջանի հետ այս շատ կարևոր փաստաթուղթը։

Չեմ կարող նշել, թե դրական արձագանք է ստացել այս առաջարկը։ Հակառակը, մենք տեսնում ենք, որ նոր, վստահաբար կարող եմ ասել, արհեստական խոչընդոտներ են երբեմն ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար, բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու և ինչպես նախկինում, այս պահից հետո ևս, նաև այս պահին Հայաստանը շարունակում է շատ կառուղուցողական դիրքորոշում ունենալ և ներգրավված լինել այս հարցում։

Ուզում եմ նաև առանձնացնել տարածաշրջանում խաղաղության և կայունության տեսանկյունից տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը։ Մենք կառուցողական առաջարկ ենք արել և կառուցողաբար ենք տրամադրված նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում։

Մենք կարծում ենք, որ այս տեսլականը և այդ ապաշրջափակումը կարող է տնտեսապես շահավետ լինել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այև տարածաշրջանի բոլոր երկրների, նույնիսկ մեծ տարածաշրջանի երկրների համար։ Եվ ավելին, կարծում ենք, որ այդ դեպքում այդ ծրագիրը և այդ ապաշրջափակումը հավելյալ խաղաղության գործոն կդառնան տարածաշրջանում։ Այդ պատճառով մենք հանդես ենք եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ։

Ի դեպ, շատ հետաքրքրական փաստ է, որ առաջին անգամ ՀՀ վարչապետը «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ներկայացրել է հենց Թբիլիսիում համաժողովի շրջանակներում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել