Արսենիյ Վ.-ին մեղադրանք էր ներկայացվել 4 դրվագով՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, իր բնակության հասցեում, լինելով ալկոհոլ օգտագործած՝ ոչ սթափ վիճակում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ձեռքերով երեք և ավելի անգամ հարվածներ է հասցրել մորը՝ Գրետա Վ․-ին, ապա ձեռքերով երեքից ավելի հարվածներ է հասցրել վիճաբանությանը միջամտած տատին՝ Լիդա Ղ․-ին, վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ բացի այդ, 2024 թվականի հունվարի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արսենիյ Վ․-ն նույն տանը, ոչ սթափ վիճակում, կրկին բռունցքով 5-6 անգամ հարվածներ է հասցրել մորը՝ Գրետա Վ․-ին։ Դեպքը կրկնվել է մարտի 1-ին, ինչպես նաև մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում։ Այդ օրը նա տան հարակից տարածքից քարեր է նետել տան իրենց ուղղությամբ և սպանության սպառնալիք տվել տատի և մոր՝ Լիդա Ղ․-ի ու Գրետա Վ․-ի հասցեին, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Մայիսի 14-ին նախագահող դատավոր Գարիկ Աբելյանը գործով դատավճիռ է կայացրել և որոշել Արսենիյ Վ.-ին մեղավոր ճանաչել, 2 տարի, 2 ամիս, 24 օր ժամկետով ազատազրկման դատապարտել։ Բացի այդ, նրա նկատմամբ նշանակվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:
Դատավճիռն ուժի մեջ է մտել։