«Շատ ուրախ եմ, որ քաղաքական ժողովը տեղի է ունենում Հանքավանում, որովհետև ես նոր հիշեցի, որ վերջին անգամ Հանքավանում եղել եմ, երևի, 2002 թվականին։ Չնայած՝ պարոն Միքայելյանը անընդհատ ասում էր՝ արի, արի, տենց էլ չէր ստացվում»,- այսօր ասել է վարչապետ Փաշինյանը ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության եւ արտաքին մարտահրավերների մասին ՔՊ քաղաքական ժողովում։
«Լավ է, որ քաղաքական ժողովը շատ բանուկ վայրերում ենք անում, ինչը, համոզված եմ՝ ինչ-որ առումով ուշադրություն է նաև գրավում տվյալ հատվածի և տեղանքի վրա։
Վերադառնալով մեր օրակարգին՝ ես կարծում եմ, որ հիմա շատ կարևոր է, որպեսզի մենք միասին փորձենք գտնել մի հարցի պատասխան․ ինչո՞ւ հերթական ընդդիմադիր շարժումը ՀՀ-ում ձախողվեց։
Սա կարևոր է, որպեսզի մենք գնահատենք ընթացիկ իրավիճակը, նաև նախորդող շրջանը և խոսենք ապագայի մեր անելիքների մասին։ Այս հարցին ի պատասխան տարբեր բացատրություններ և մեկնաբանություններ եմ լսել։ Եվ պիտի ուղիղ և անկեղծ ասեմ, որ այդ մեկնաբանությունների հիմնական մասը բավարար չափով քաղաքական չեն, և բավական խորություն չունեն իմ ընկալմամբ և գնահատմամբ։
Իմ գնահատականը հետևյալն է, և դա պատասխանում է ոչ միայն իմ առաջ քաշած, այլև մի քանի հարցերի նույնպես։ Հայաստանի հերթական ընդդիմադիր շարժումը տապալվեց, որովհետև «իրական Հայաստանը» որպես գաղափարախոսություն այսօր, այս օրերին և նախորդող շրջանում հաստատվում է ՀՀ-ում, և ընկալվում է ժողովրդի կողմից։ Բայց մյուս կողմից սա շատ զարմանալի փաստ է։
Եթե մենք արձանագրում ենք, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ընկալվում է ժողովրդի կողմից, իսկ ես դրանում համոզված եմ, ես կարող եմ նաև իմ համոզմունքի աղբյուրը նշել։
Այս համոզմունքին ես գալիս եմ մարդկանց հետ անմիջական շփումներից, գալիս եմ ինձ ուղղված նամակագրությունը կարդալիս, գալիս եմ նաև սոցցանցերի որոշակի հետազոտությունից։ Բայց այն, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը մենք, երբ որ կարող ենք ասել, որ ընկալվում է ժողովրդի կողմից, իրականում շատ զարմանալի փաստ է, և հետազոտման անհրաժեշտություն ունի, որովհետև ինչպես կարո՞ղ է ժողովուրդը այսքան արագ ընկալել գաղափարախոսությունը, որը մեր կողմից լիարժեք և ամբողջականորեն որդեգրվել է ամսիներ առաջ, եթե մեկնաբանենք՝ տարիուկես, 2 տարի առաջ։
Մանրամասները՝ տեսանյութում։