2024 հունիսի 10-ին ֆիզիկական անձից ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ գիշերը, անհայտ անձը հարձակվել է Երևանի Նար-Դոսի փողոցում գտնվող հրեական կրոնական կենտրոնի վրա և քարով հարվածել ու կոտրել է նշված կենտրոնի պատուհանի ապակին՝ պատճառելով գույքային վնաս:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ հաղորդման կապակցությամբ կազմված նյութերն ստանալուց հետո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ դեպքի իրական հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ենթադրյալ հանցագործության շարժառիթը, դրդապատճառները պարզելու ուղղությամբ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին՝ ժամը 01։43-ին, և «Հրեական կրոնական» կենտրոնի գրասենյակի պատուհանին քարով հարվածել և ապակին կոտրել է Արտաշատ քաղաքի 35-ամյա բնակիչը, ապա դիմել փախուստի։
Ոստիկանության կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել է նաև ձերբակալված նշված անձը։
Դեպքի առթիվ 2024թ․ հունիսի 15-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
35-ամյա անձը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, նրա մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում Նար-Դոս 23 հասցեի Հրեական կրոնական կազմակերպության պատուհանը եղել է կոտրված, իսկ գետնին հայտնաբերվել և վերցվել է երկու քար: Առգրավվել և ուսումնասիրվել են տարածքը տեսագրող սարքի պարունակության՝ դեպքին վերաբերելի հատվածները։
Քննությամբ պարզվել է, որ նշված անձի կողմից կրոնական հաստատության պատուհանին հարվածելու, գույքային վնաս պատճառելու շարժառիթը եղել է ազգային, էթնիկական թշնամանքը։
2024թ․ հունիսի 17-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին 35-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, վերջինիս ներկայացվել է մեղադրանք:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: