Արմինե Ալիխանյանը խոսեց դատական վիճակագրության մասին, որը դեպարտամենտն է վարում

ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 14-ին, կազմակերպվել և ընթանում է դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ համաժողովը։

Միջոցառմանը ներկա են եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլի Մարագոսը, ԱՆ փոխնախարար Կարեն Կարապետյանը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող/ կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը և ոլորտի այլ մասնագետներ, դատավորներ։

Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության պետ Արմինե Ալիխանյանը խոսեց դատական վիճակագրության մասին, որը դեպարտամենտն է վարում։

«Այն ուղղված է դատարանների գործունեության արդյունավետության, թափանցիկության և հանրության առջև հաշվետվողականությունն ապահովելուն։ Դատական վիճակագրությունն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Դա նշանակում է, որ մենք դատական գործերի էլեկտրոնային քարտեր ունենք, որոնք լրացվում են յուրաքանչյուր գործի համար։ Հենց այդ քարտեր միջոցով էլ արտացոլվում է դատական գործի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ինչի հիման վրա էլ դատարանները տալիս են հաշվետվությունները»,-նշեց Արմինե Ալիխանյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ դատական գործը՝ ստեղծումից մինչև արխիվացում, երևում է նշված քարտերով։

«Եթե քարտերը պատշաճ լրացված չեն լինում, մենք ոչ ճիշտ պատկեր կունենանք դատավորի վարույթում առկա դատական գործերի կամ ավարտված դատական գործերի վերաբերյալ»,-նշեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել