Անի Մխիթարյանը՝ դատավորների գնահատման նոր համակարգի և գործող համակարգի խնդիրների մասին

ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 14-ին, տեղի է ունեցել դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով համաժողովը։

Միջոցառմանը ներկա են եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլի Մարագոսը, ԱՆ փոխնախարար Կարեն Կարապետյանը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող/ կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը և ոլորտի այլ մասնագետներ, դատավորներ։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, դատավորների գործունեության գնահատման բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Անի Մխիթարյանն ընդգծեց, որ քննարկումը շատ կարևոր հարցի մասին է։ Այնուհետև նա ներկայացրած աշխատանքային խմբի կողմից իրականացված փոփոխությունների բովանդակությունը, շեշտադրեց մի քանի առանցքային հարցեր, որոնք կարևոր են քննարկման համար։

«Գնահատման համակարգը նորամուծություն է մեր իրավական համակարգում, այն ներդրվել է 2018 թվականին։ Որպես նախադեպը չունեցող նոր ինստիտուտ անհրաժեշտություն կար, որպեսզի ԲԴԽ-ն իրականացնի միջազգային փորձի ուսումնասիրություն՝ գնահատման մեթոդաբանությունը ստեղծելու համար, որը կապահովեր օրենսգրքով սահմանված չափանիշների կյանքի կոչումը»,-նշեց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ ստեղծվեց համակարգը, որը արտացոլում էր նաև միջազգային լավագույն փորձը, սակայն ՀՀ-ում չունեցավ այն արդյունքը, ինչի համար ստեղծվել էր։

«Դատավորների գնահատման արդյունքները մեզ հնարավորություն չէին տալիս տարբերակելու և որոշելու, թե դատավորներից որին պետք է նախապատվություն տանք առաջխաղացման ցուցակում ներգրավելու ժամանակ, գրեթե բոլորը ստանում էին 90-100 միավոր, որը բարձր միավորների մեջ էր ներառված։ Մենք ոչ թե մտածում էին, որ դատավորներն այդ գնահատականին արժանի չեն, այլ դրա համատարած լինելը, որը կար, մեզ մոտ մտավախություններ առաջացրեց, որ հենց մեթոդաբանությունը դրա հնարավորությունը չի տալիս»,-նշեց դատավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել