ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 14-ին, տեղի է ունեցել դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով համաժողովը։
Միջոցառմանը ներկա են եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլի Մարագոսը, ԱՆ փոխնախարար Կարեն Կարապետյանը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող/ կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը և ոլորտի այլ մասնագետներ, դատավորներ։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանն իր բացման խոսքում ողջունեց համաժողովի անցկացումը, այն համարեց կառավարություն-քաղաքացիական հասարակություն-զարգացման գործընկերներ կառուցողական «եռախոսության» նոր ազդակ:
«Համապատասխանում է ԵՄ-Հայաստան միջև կնքված համընդհանուր ու ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի կողմից ստանձնաց պարտավորություններին և հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի 2013 թ. հոկտեմբերի 21-22-ի հայտարարության սկզբունքներին:
2014 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 60 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ընդունեցին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրման մասին հռչակագիրը, որով հիմնադրվեց Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիան:
Իր ստեղծման պահից մինչ օրս, հիմնականում առանց որևէ ֆինանսավորման, իր կազմակերպությունների մասնագիտական ջանքերով ու անձնական միջոցներով նախաձեռնել և մասնակցել է ՀՀ-ում մի շարք հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը, այդ թվում` ապօրինի հարստացման քրեականացմանը, ազդարարման համակարգի և հակակոռուպցիոն ինտիտուցիոնալ համակարգի, այդ թվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենսդրական դաշտի ստեղծմանը, հանրային գնումների գործընթացում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմանը, բիզնես և այլ ոլորտներում մի շարք հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը: Նա ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստանի հակակոռուպցիոն 3-րդ, 4-րդ և 5-րդ ռազմավարությունների և դրա իրականացման միջոցառումների ծրագրերի մշակման և հանրային քննարկման աշխատանքներին»,-նշեց Մովսես Արիստակեսյանը:
Նրա խոսքով՝ կոալիցիան սեփական նախաձեռնությամբ իրականացրել է այդ ռազմավարությունների իրականացման այլընտրանքային հասարակական մոնիթորինգը, ինչը հիմք է հանդիսացել կառավարության կողմից համապատասխան զեկույցների կազմման ժամանակ:
«Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ իր քարտուղարության` Իրավաբանների հայկական ասոցիացիայի ակտիվ առաջնորդությամբ ու մասնակցությամբ ահա արդեն 10 տարի է, ինչ անց է կացնում երիտասարդների հակակոռուպցիոն կրթության դասընթացներ՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։