Կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում է 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ ծրագրի պահանջներին բավարարող շահառուներին հավաստագրերի տրամադրման, հիփոթեքային վարկերի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված աջակցության գումարների տրամադրման և օգտագործման հետ կապված գործընթացները, ինչպես նաև աջակցության դադարեցման հիմքերը և ընթացակարգը: Արդյունքում՝ կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 25,000 ընտանիքների համար բնակարանային հասանելիությունը: Հունիսի 15-ից շահառուները արդեն կարող են առցանց դիմումներ ներկայացնել: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը, բնակարանի ձեռքբերման համար հավաստագիրը ևս ուղարկվելու է էլեկտրոնային եղանակով, այն կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեներին: Ըստ փոխնախարարի՝ հավաստագրի վրա լինելու է QR կոդ, որով կարող են մոտենալ ծրագրի շրջանակում պետության հետ համագործակցող իրենց նախընտրելի բանկը և սկսել գործընթացը: Իսկ մինչ այդ, քաղաքացիները պետք է ընտրեն տունը կամ բնակարանը, որը կհամապատասխանի ծրագրի աջակցության չափին և պայմաններին: «Վաղվանից կընդունվեն դիմումներն այն դեպքերի համար, երբ շահառուները ցանկանում են գնել բնակարան կամ բնակելի տուն: Հուլիսի 15-ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը: Օգոստոսի 1-ից արդեն կկարողանանք դիմումներ ընդունել այն ընտանիքներից, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ»,–ասել է Դավիթ Խաչատրյանը:

Փոխնախարարը նշել է նաև, որ առաջին փուլով աջակցություն են ստանալու 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաև զոհվածների ընտանիքները և այն ընտանիքները, որոնք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամ:

Վարչապետը կարևորել է ծրագրի մանրամասների վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու անհրաժեշտությունը՝ առկա բոլոր միջոցներն օգտագործելու միջոցով: Կարևորվել է նաև իրազեկման արշավին մարզպետարանների, համայնքապետարանների մասնակցությունը: «Սրանով մենք արձանագրում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակավորման ծրագիրը մեկնարկում է, այսինքն՝ մտնում է գործնական փուլ: Որոշման շատ կարևոր և անբաժանելի մաս է, որ այս ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմեն այն անձինք, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, այս ընթացքում դիմել և ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Այս հարցը մի քանի անգամ քննարկել ենք և եկել ենք եզրակացության, որ սա ճիշտ մոտեցում է: Մենք պետք է գնանք այս ճանապարհով, և այս որդեգրած սկզբունքը պետք է շարունակի գործել, որպեսզի մեր նպատակներից և նպատակադրումներից չշեղվենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը հավելել է, որ նախագիծն ահռելի մեծ ծավալի է և, ցավոք, հնարավոր չէ այդ հարցը 1-2 ամսում լուծել. «Սա երկարաժամկետ նախագիծ է, որը մենք պետք է ռազմավարական մոտեցմամբ, հետևողական, պլանավորված, քայլ-քայլ իրականացնենք: Այն շատ կարևոր է, իհարկե, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների կարիքները հասցեագրելու առումով: Սա ուղղակի տուն կառուցելու նախագիծ չէ, որովհետև զուգահեռ պետք է փորձենք հոգալ, նաև աջակցել, որ մարդիկ իրենց կյանքը պլանավորեն, որովհետև տունը եղավ՝ մարդը որտե՞ղ է աշխատելու, գործունեության ի՞նչ տեսակով է զբաղվելու: Մենք նաև ծրագրերի արդյունավետությունն անընդհատ բարձրացնելու խնդիր ունենք: Ես նկատի ունեմ մասնագիտական վերապատրաստումների ծրագիրը, աշխատանքի շուկայում ավելի մրցունակ լինելու ծրագիրը, ձեռներեցության հմտությունների զարգացման ծրագիրը, ունենք ծրագիր կանանց գործարար ակտիվության աջակցելու վերաբերյալ և այլն: Մենք պետք է հնարավորինս անցում կատարենք ավելի բովանդակային, այսինքն՝ մարդկանց կյանքը կազմակերպելու, բարեկեցություն կառուցելու հնարավորություն ստեղծող ծրագրի: Մեծ աշխատանք է սպասվում, որը, հույս ունեմ, հետևողական կանենք»:

Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանի կառավարությունը, ինչպես նախորդած ողջ շրջանում, լինելու է և աջակցելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին իրենց սոցիալական խնդիրները հասցեագրելու հարցում. «Բայց նաև ուզում եմ ընդգծել կառավարության քաղաքական կամքը՝ մենք թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձի օգտագործել իր պլանային նպատակների համար: Կրկնում եմ՝ մենք շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց որևէ մեկը սա իշխանության թուլություն չպետք է ընկալի և գնահատի: Ես երեկ Ազգային ժողովի ամբիոնից էլ առիթ ունեցա ասելու՝ հույս ունեմ, որ այս ուղերձի հասցեատերերը կընդունեն այս ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք, ինչպես ասում են, առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»:

Չզեկուցվող մեկ այլ որոշմամբ էլ փոփոխություններ և լրացումներ է կատարվել վերոնշյալ ծրագրում՝ հիփոթեքային վարկավորման պայմանները, Լեռնային Ղարաբաղից տեղահանվելուց հետո ծնված երեխաների վերաբերյալ կարգավորումները և այլն հարցեր հստակեցնելու նպատակով: Ըստ այդմ` առաջարկվում է սահմանել, որ մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները հանդիսանում են շահառու ընտանիքի անդամ, աջակցության չափը վարկի տոկոսագումարների սուբսիդավորման համար հաշվարկվում է 10 տարվա հաշվարկով ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան և բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում կազմում է՝ հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում մինչև 13%, լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 3% չափով՝ վարկի տրամադրման պահին։ Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը ևս իրականացվելու է հավաստագրերի տրամադրման ձևաչափով, իսկ սահմանված 3, 4, և 5 մլն դրամ աջակցությունները վերաբերվում են հիփոթեքային վարկի մայր գումարի սուբսիդավորմանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պահանջվող 1 տոկոս կանխավճարը ևս ֆինանսավորվելու է պետության կողմից, առաջարկվում է հետագա գործընթացների պարզեցման նպատակով, կանխավճարի պահանջը հանել և ամբողջ գումարը ներառել վարկի մարման ժամանակացույցի մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել