Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է կարևոր, հանգրվանային և վճռորոշ: Այս մասին Վանաձորում` հանրահավաքի ժամանակ, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ադրբեջանի կողմից Հայաստանի առջև նոր պահանջներ է դրվում՝ Անկախության հռչակագիր, Սահմանադրություն, նոր տարածքների նկատմամբ հավակնություններ։
Չկա մի օր, որ Ադրբեջանը հոխորտանքներով հանդես չգա, իսկ այս իշխանությունները խուլի և համրի կեցվածք են ընդունել և որևիցե մի կերպ չեն արձագանքում Ադրբեջանի հոխորտանքներին։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր պայքարը արդարացի է և մենք իրավունք չունենք այս պայքարը չտանել մինչև իր տրամաբանական ավարտին։ Որովհետև Ադրբեջանի վերջնական նպատակը դա ՀՀ-ն դարձնելն է արևմտյան Ադրբեջան։
Եվ մենք դա թույլ տալ չենք կարող և դրա համար պետք է մեր պայքարը տանել մինչև իր տրամաբանական ավարտն, ուրիշ տարբերակ մենք չունենք։ Եվ դրանով պայմանավորված մենք այս օրերի ընթացքում պետք է մեր ուժերը կրկնապատկենք և ինչպես գիտենք, վաղը Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք 18։ 30-ին, կոչ ենք անում բոլորին ակտիվ մասնակցել հանրահավաքին և առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է շատ կարևոր, հանգրվանային և վճռորոշ շաբաթ»։