Իրանական մարդասիրական օգնությունը ճանապարհվեց Ալավերդի

Հայաստան է ժամանել Իրանի կողմից փոխանցված մարդասիրական օգնությունը ՀՀ Լոռու մարզում հեղեղներից տուժած բնակչությանը, որը իրանական Կարմիր Մահիկի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցները հունիսի 7-ին կհասցնեն Ալավերդի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում տեղի ունեցավ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիի, քաղաքական հարցերով խորհրդական Մուհամեդ Ջավադ Ալավիի, Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցչի և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի հանդիպումը։

Իր խոսքում Դավիթ Ներսիսյանը նախ ցավակցություն հայտնեց ուղղաթիռի վթարից Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ, որից շատ չանցած ՀՀ Լոռու մարզում  տեղի ունեցավ սարսափելի բնական աղետը։

Նա խորհրդանշական համարեց, որ Հայաստանում տեղի ունեցած բնական աղետին, որի հետևանքով մարդիկ զոհվեցին, առաջիններից մեկն արձագանքեց հենց Իրանի Կարմիր մահիկը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել տուժածներին։։

«Չնայած առիթը ողբերգական է, սակայն պետք է նշել, որ սա ևս մեկ անգամ փաստում է երկու հարևան երկրների մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպությունների սերտ համագործակցությունը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, անդավաճան մնալով իր սկզբունքներին, վերահաստատում է երկկողմ գործակցության կարևորությունը և հույս հայտնում ավելի լայն շրջանակի ներառման՝ հարաբերությունների սերտացման համար։ Մենք համոզված ենք, որ տարիների ընթացքում ձևավորված կապն առավել մեծ գաղափարներ կարող է կյանքի կոչել՝ ի նպաստ երկու կազմակերպությունների շահառուների։ Տարածաշրջանում խնդիրները, աղետները պատերազմներն ու այլ վտանգները շատ են, և հենց այդ պատճառով էլ երկու կազմակերպությունների համատեղ աշխատանքը կարևոր է, քանի որ մեզ համար գերագույն արժեքը մարդն է»,-ասաց Ներսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին այս դժվարին պահին ցուցաբերած աջակցության համար։

Ավելին՝ սկբնազբյուր կայքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել