Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ

Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ։

Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Այս պահին Ալավերդու համայնքապետարանում ընթանում է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Ամփոփվում են այսօր կատարված աշխատանքները:

Նախարար Սանոսյանը տեղեկացրեց, որ Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտի։

Կառավարության որոշմամբ նաև 300 մլն դրամ կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին հրատապ խնդիրներ լուծելու համար։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ամբողջ օրվա ընթացքում անցել է Մ6 միջպետական ճանապարհի ողջ երկայնքով, մինչև Այրում կայարան, և արձանագրվել են ճանապարհի, կամուրջների փլուզումները, գույքագրվել են վնասները։

Քննարկվել է նաև Ալավերդիում և հարակից բնակավայրերում ջրամատակարարման, գազամատակարարման և կոմունալ մյուս հարմարությունների վերականգնման վերաբերյալ հարցեր։
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն իր հերթին ներկայացրել է ամբողջ օրվա ընթացքում իրականացված փրկարարական աշխատանքները:

Գնահատվել են այս պահին առկա կարիքները, վաղվա անելիքների համար անհրաժեշտ տեխնիկայի ներգրավման վերաբերյալ հարցեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել