Դեռևս 2023 թվականին` մեկ տարվա ընթացքում, ականատես եղանք փաստաբաններին ոստիկանական բաժանմունքում ծեծի ենթարկելու երկու դեպքի, ընդ որում երկու դեպքում էլ առերևույթ առկա էր պաշտպանյալի խոշտանգումը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
«Առայսօր տվյալ գործերով արդարադատության արդյունքը առկա չէ:
Մեկ ամիս առաջ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս անհայտ անձանց կողմից խոշտանգման էր ենթարկվել քաղաքացի Սամվել Վարդանյանը:
Ոստիկանության այսօրվա գործողությունների արդյունքում ականատես եղանք ՝
• Թե ինչպես է 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Գրիգորյանը ոստիկանության կողմից բերման ենթարկման արդյունքում տեղափոխվում հիվանդանոց
• Պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բազմաթիվ ոստիկանների կողմից ուժի կիրառմանը, որը վերածվել էր ծեծի՝ զուգորդված սեռական բնույթի հայհոյանքներով
• ըստ մամուլում հրապարակված նյութերի այլ դեպքեր ևս առկա են
Ոստիկանությունն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների հարգման և պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով:
Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Ակնառու է, որ Ոստիկանության ծառայողների գործողությունները շարունակական են և համահունչ չեն տվյալ իրավական պահանջին:
Ավելին, պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքով առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ:
Այս ամենը խիստ մտահոգիչ է և դատապարտելի»,-նշել է նա: