Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով բնակչության շրջանում 4 հաստատված զոհ կա, որոնցից մեկը Սարիբեկ Բալյանն է։
Սարիբեկ Բալյանի մահվան դեպքի մասին մանրամասներ իմանալու նպատակով՝ Iravaban.net-ը կապ է հաստատել Դեղձավանի վարչական ղեկավար Յուրիկ Հովհաննեսյանի հետ։
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ երեկ զոհված Սարիբեկ Բալյանի ծննդյան օրն էր, նա կդառնար 39 տարեկան․ «Դին գտել են Թեղուտ-Շնող հատվածում։ Ամուսնացած էր, ուներ 2 երեխա՝ աղջիկ և տղա, հայր և մայր։ Աշխատում էր դպրոցում՝ որպես տնտեսվար, դպրոցի աշխատանքն ավարտելուց հետո, աշխատում էր՝ որպես մատուցող հանդիսությունների սրահում»։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի ժամը 7.30-ից փրկարարական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներից 75 փրկարար, 13 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ։
Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերա-կանգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես՝ 387 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում:
Աղետի վայրում հայտնաբերվել է 4 դիակ (Ավագ Ավագյան, ծնված 1948թ․, Սարիբեկ Բալյան, ծնված 1985 թ․, Գնել Զաքարան, ծնված 1964 թ., Գագիկ Նազլուխանյան, ծնված 1964 թ․)։
Ներկա պահին իրականացվում են Սանահին կայարան բնակավայրի բնակիչների տարհանման, ջրալցված շենք-շինությունների նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև Հաղպատ բնակավայրում արգելափակված բեռնատարի դուրս բերման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ անհրաժեշտ և հրատապ տեղեկատվություն ստանալու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է Թեժ գիծ: