ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Լուրերի» հետ զրույցում աղետի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին նշեց, որ երեք նիստ են հրավիրել, որի ընթացքում հանձնարարականներ են տրվել, վաղ առավոտից նորից սկսել են աշխատանքները, ամփոփել նախորդ օրվա աշխատանքները, փորձել են հասկանալ եղանակային պայմանները․ «Նորից նվազում ունենք և մի շարք խնդիրներ, որոնք երեկ տեսանելի չէին ջրի բարձր մակարդակի հետևանքով, այսօր տեսանելի են դարձել, ինչը հնարավորություն է տալիս ակտիվ աշխատել այլ ուղղություններով։ Գիշերը կարողացանք համապատասխան տեխնիկաներ հասցնել Ախթալայի ուղղությամբ, որտեղ մեր մի շարք բնակավայրեր կտրված են երկու կամուրջների փլուզման հետևանքով»։
Սանոսյանի խոսքով՝ Հաղպատի հատվածում ճանապարհն այնպես է քանդվել, որ հնարավոր է օգտագործել, դա նշանակում է՝ Հաղպատ և Ծաղկաշատ բնակավայրերը, որոնք կապից կտրված էին, կարող են այժմ այդ կապն օգտագործել։ Հիմա աշխատանքներ են իրականացվում Շնհողից դեպի Ախթալա հատվածում և պարբերաբար գործընկերները այդ մասին զեկուցում են։
«Գետի մակարդակը, քանի որ իջել է, արդեն պետք է ծառայության գործընկերները կարողանան բակերից եղած պոմպերով մղել դեպի գետ, քիչ առաջ նաև հայտնաբերվել է անհայտ կորած անձերից մեը, կարող ենք ասել, որ ունենք 4 զոհ այս աղետի հետևանքով, մյուս ուղղություններում շարունակվում են գազի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման հետ կապված աշխատանքները, մոտ 17 կամուրջ ունենք փլված, դրանց մի մասը փոքր կամուրջներ են՝ համայնքային նշանակության, բայց առնվազն 5-6 կամուրջ ունենք, որոնք բավական խոշոր կամուրջներ են և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի ոչ միայն դրանց վերականգնման, այլև դրանք ստեղծել են կապի լուրջ խնդիր մեր մի շարք բնակավայրերի հետ,-ասաց Գնել Սանոսյանը։
Նաև հավելեց, որ Լոռու մարզում կա 2500 բնակիչ, որոնք զրկված են էլեկտրաէներգիայի մատակարարումից: Շուրջ 1000 բնակիչ էլ Տավուշի մարզում են զրկված էլեկտրաէներգիայի մատակարարումից:
Մանրամասները՝ այստեղ։