Երբ և ինչպես օգտվել արբիտրաժի և հաշտարարության ծառայություններից․ AMCA-ն ներկայացնում է կենտրոն դիմելու առավելությունները

Արբիտրաժ և հաշտարարություն ի՞նչ են դրանք, ե՞րբ են կիրառելի, ինչու՞ են համարվում վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմներ։ 

Հայաստանում արբիտրաժն ու հաշտարարությունը գործնականում նոր են սկսում զարգանալ։ Երբեմն  տեղեկատվության սակավությամբ պայմանավորված՝ դրանք ընկալվում են որպես վեճերի լուծման  ոչ այդքան նախընտրելի եղանակներ։  

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը՝ AMCA-ն, որպես Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակներ առաջարկող առաջատար կենտրոն, նպատակ ունի զարգացնել այս եղանակների կիրառման մշակույթը, փոխել կարծրատիպերը՝ մատուցելով վեճերի այլընտրանքային լուծման արագ, որակյալ և ճկուն ծառայություններ։ 

Պարզաբանենք՝ ովքե՞ր ու երբ կարող են դիմել AMCA, ինչ նախապայման է անհրաժեշտ դիմելու համար, ի՞նչ վեճեր կարող են քննվել AMCA-ում, ի՞նչ ժամկետներում ու ընթացակարգերով է իրականացվում այդ գործընթացը։ 

Ովքե՞ր կարող են դիմել AMCA-ին 

AMCA դիմել և արբիտրաժի ու հաշտարարության ծառայություններից օգտվել կարող են թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ անհատ ձեռնարկատերեր և թե՛ կազմակերպություններ՝ այդ թվում միջազգային կազմակերպություններ ու պետություններ, ովքեր արբիտրաժային ծառայությունների համար դիմելիս ունեն առևտրային կամ այլ բնույթի հարաբերություններից բխող վեճ՝ ինչպես պայմանագրային, այնպես էլ արտապայմանագրային։  

Ի՞նչ նախապայման է անհրաժեշտ AMCA դիմելու համար 

AMCA դիմելիս առաջին ու գլխավոր նախապայմաններից մեկը վեճի կողմերի միջև արբիտրաժային համաձայնության առկայությունն է, որով վեճի լուծումը նախատեսված է իրականացնել AMCA-ի կանոնների հիման վրա։ Արբիտրաժային համաձայնությունը կարող է կնքվել մինչև վեճի առաջացման պահը, ինչպես նաև վեճի առաջացումից հետո՝ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով՝ մինչև արբիտրաժին դիմելը։

Ինչ վերաբերում է հաշտարարությանը, այն համարվում է վեճերի լուծման ժամանակակից եղանակներից մեկը, որը ենթադրում է երրորդ անկողմնակալ կողմի՝ հաշտարարի մասնակցությունը: Վեճի կողմերը կարող են իրավահարաբերության ցանկացած փուլում կնքել հաշտարարության վերաբերյալ համաձայնություն և վեճի լուծման գործընթացին ներգրավել արտոնագրված հաշտարարի։ 

Ի՞նչ վեճեր կարող են քննվել AMCA-ում

Առևտրային բնույթ ունեցող  տեղական և միջազգային վեճերը կարող են քննվել AMCA-ում, ներառյալ՝ այդ իրավահարաբերությունների առնչությամբ գործարքները կնքված լինելու կամ դրանց անվավերության հետ կապված հարցերը: 

Առևտրային բնույթը ներառում է ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված գործարքների արդյունքում կամ դրանց հետ կապված վեճերը, մասնավորապես՝ ապրանքների մատակարարման և փոխանակման,  ծառայությունների մատուցման,  առևտրային ներկայացուցչության կամ գործակալության,  ֆակտորինգի,  վարձակալության,  լիզինգի,  աշխատանքների կատարման,  խորհրդատվության,  նախագծման,  լիցենզային,  ներդրման, ֆինանսավորման,  ապահովագրության,  շահագործման կամ կոնցեսիայի, համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի,  ծովային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները։  

Ի՞նչ ժամկետներում և ընթացակարգերով են քննվում գործերը AMCA-ում

AMCA-ն առաջարկում է վեճերի լուծման երկու ընթացակարգ՝ արագացված ընթացակարգ և ընդհանուր ընթացակարգ։ Արագացված ընթացակարգը կիրառելի է տեղական գործերով, երբ հայցագնի չափը չի գերազանցում 10,000,000 ՀՀ դրամը։ Այս դեպքում արբիտրաժային տրիբունալը պարտավոր է ձևավորման պահից առավելագույնը եռամսյա ժամկետում կայացնել արբիտրաժային վճիռ։ Ընդհանուր վարույթի դեպքում արբիտրաժային տրիբունալն արբիտրաժային վճիռը պարտավոր է կայացնել ընթացակարգի արձանագրության ստորագրման օրվանից 6 ամսվա ընթացքում, եթե կողմերի համաձայնությամբ այլ ժամկետ սահմանված չէ։ 

Արբիտրաժային կարգով վեճերի լուծումը բաղկացած է հետևյալ հիմնական փուլերից՝ 

  1. արբիտրաժ իրականացնելու պահանջի ներկայացում, 
  2. պահանջի վերաբերյալ պատասխանի ներկայացում, 
  3. արբիտրաժային տրիբունալի ձևավորում և գործերի նյութերի փոխանցում տրիբունալին,
  4. լսումների, փաստերի հաստատման և ապացույցների հետազոտման փուլ, 
  5. վարույթի ավարտ և վճռի կայացման փուլ։ 

Այսպիսով՝ արբիտրաժն ու հաշտարարությունն ունեն մի շարք առավելություններ, որոնց շնորհիվ համարվում են վեճերի լուծման արդյունավետ ու արագ մեխանիմներ, իսկ AMCA-ն միջազգային չափանիշների հիման վրա, լավագույն փորձով ու պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավվածությամբ՝ գործում է Հայաստանում մշակույթ փոխելու, ոլորտը զարգացնելու և երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը նպաստելու առաքելությամբ։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել