Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին

Մեր գնահատականը Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ հնչեցրել ենք դեռևս մայիսի 1-ին՝ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության հիմնադիր համագումարին (տեսանյութը՝ հղումով)։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկ Մարությանը։

«Այդ գնահատականը հետևյալն է․

2021-ի ընտրություններով ձևավորված կառավարության խոսույթը մի քանի անգամ էական փոփոխությունների է ենթարկվել մեր երկրի առաջ ծառացած ամենակենսական խնդրի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։ Սկսած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես «կարմիր գիծ» ճանաչելուց, մինչև Արցախի իսպառ ուրացում, սկսած Եվրաինտեգրացիայի խոստումներից, մինչև Աստանա և «ռեգիոնալիզացիա»։ Հետևաբար, նրանց հռչակած որևէ սկզբունք ու «կարմիր գիծ» այսօր ոչ մի հավատ չի ներշնչում։ Իշխանություն, որն այս տարիների ընթացքում հազար ու մի սահման է խախտել, հազար ու մի խոստումից հետ կանգնել, այդ իշխանությունն այլևս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմ իրավունքը։

2021-ի ընտրության ժամանակ ՔՊ-ին տված քվեն այլևս առ ոչինչ է։

Գործող իշխանությունը չունի բավարար կոմպետենտություն, գիտելիքներ և կարողություններ՝ այս կարևորագույն հանգրվանում Հայաստանն առաջնորդելու համար։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան։

Անրադառնամ նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ իր հետ հանդիպելու հրավերին։ Նախ, շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար և սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդի և սիրված հոգևորականներից մեկի հետ՝ իմ հարգանաց հավաստիքը նրան անձամբ փոխանցելու և, ինչու ոչ, զրուցելու «չարի ու բարու, ստի և ճշմարտության» (ինչպես Սրբազանն է ասում) կամ «սև ու սպիտակ ուժերի» (ինչպես ես եմ ասում) մշտարդիական պայքարի մասին։

Ինչ վերաբերում է Սրբազանի գլխավորած քաղաքական պայքարին, ապա թեև խոր գաղափարական անհամաձայնություն ունենք շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ, այդուհանդերձ, դրական ենք գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես։ Փաստ է, որ մայիսի 9-ին կայացած հանրահավաքը ամենաբազմամարդն էր 2018-ի Ժողովրդական շարժումից հետո և մեկ անգամ ևս ապացուցեց, որ Փաշինյանի

իշխանությունը կորցրել է հանրության վստահությունը։

Միևնույն ժամանակ համոզված ենք, որ նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձևավորի միայն ժողովուրդը՝ ազատ, հավասար, համընդհանուր արտահերթ ընտրությունների արդյունքում»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել