«Մենք նշում ենք Եվրոպայի օրը Լոռիում»․ ԵՄ դեսպանը՝ հայերենով

Մայիսի 17-ին Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նա իր խոսքը սկսեց հայերենով․ «Այսօր մենք նշում ենք Եվրոպայի օրը Լոռիում։ Շնորհակալություն, սովորում եմ հայերեն»։ Ներկա էր նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։

«Այս միջոցառումը կարևոր է Հայաստանի, կարևոր է Եվրոպայի, կարևոր է երիտասարդների համար։ Մենք այստեղ ենք, որպեսզի նշենք Եվրոպայի օրը, որը նշվում է արդեն 70 տարի։ Միջոցառումը նպաստում է ապագայի հզորացմանը։ Այն մարզի բնակիչներին հնարավորություն է տալու զարգացնել իրենց տաղանդները, ցույց տալ, թե իրենք ինչեր կարող են։ Բավականին երկար ժամանակ է, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանի մարզերին և մարզերի բնակիչներին։ Մարզերի համար մենք ունենք մի շարք զարգացման ծրագրեր, գործիքներ»,-նշեց նա։

Միջոցառման ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիան ներկայացրել է իր երեք ծրագրերը, որոնք իրականացնում է Եվրամիության օժանդակությամբ։

Մասնավորապես, Եվրոպական միության ֆինանսավորմամբ գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է՝ նպաստել ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը՝ նրանց տրամադրելով բյուջետային գործընթացների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, հմտություններ, մարդկային և տեխնիկական ռեսուրսներ, ինչպես նաև բյուջետային քաղաքականությունների շուրջ բանավեճերում ներգրավվելու և ազդեցություն ունենալու գործիքներ:

Ասոցիացիայի ծրագրերից մեկն էլ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացմանը։ Նշված ծրագրի շրջանակներում անվճար իրավաբանական օգնություն է տրամադրվում շահառուներին։

ԻՀԱ-ի ներկայացրած ծրագրերից էր նաև «Բաց կառավարման գործընկերություն-Եվրոպա» դրամաշնորհային համաձայնագրի հիման վրա Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ խթանել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը՝ ստանալով հանրության աջակցությունը հակակոռուպցիոն պայքարում, օժանդակել ազդարարման համակարգի բարելավմանը, նպաստել ազդարարների վերաբերյալ Հայաստանում հանրության շրջանում ձևավորված իրավամտածողության և մշակույթի փոփոխմանը՝ ձգտելով ազդարարի՝ որպես ՀՀ քաղաքացու դրական և պահանջատեր իմիջի կերտմանը։

Միջոցառմանը ներկայացված էին նաև տարբեր կազմակերպություններ, որոնք իրականացնում են բազմաբնույթ ծրագրեր Եվրոպական միության օժանդակությամբ։

ԵՄ դեսպանը շրջայց կատարեց տաղավարներով, ծանոթացավ իրականացվող ծրագրերին։ Միջոցառումն ամփոփվեց տոնական համերգով։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել