Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում, դրա մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն ևս 4 անձ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Վ․Չ․-ն 2024թ․մայիսի 16-ին` ժամը 12:25-ի սահմաններում, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, գիտակցելով, որ իր հակաիրվական և հակաբարոյական գործողությունները լուսաբանվում են առցանց հեռահաղորդակցությամբ և տեսանելի են այլ անձանց կողմից, տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաներն օգտագործելով, մարդկանց անդորրը խաթարելով, կատարել է խուլիգանություն։

Մասնավորապես, Երևան քաղաքի Մելիք Ադամյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում՝ ՀՀ կառավարության թվ 1 մասնաշենքի տնտեսական մուտքի դիմաց, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ծառայողների, բազմաթիվ քաղաքացիների և առցանց հաղորդակցություն իրականացնող լրագրողների ներկայությամբ նա վիճաբանել է մի քաղաքացու հետ, որի ընթացքում բարձրաձայն անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնող անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել վերջինիս հասցեին, ինչի կապակցությամբ ձերբակալվել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից։

Ձեռք բերված փաստերի հիման վրա, նշված արարքները կատարելու համար, Վ․Չ․-ին ներկայացվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջւոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Միջադեպի ընթացքում ձերբակալված մյուս 4 անձինք ազատ են արձակվել արգելանքից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել