Թալին համայնքի ղեկավարը տուգանվել է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի՝ 2023 թվականի՝ մայիսի 10-ին ներկայացված 2022 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա  գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրի և 2023 թվականի մայիսի 15-ին ներկայացված 2022 թվականի գույքի, եկամուտների ծախսերի և շահերի հայտարարագրված տվյալների ստուգում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դրա արդյունքում պարզվել է, որ «Սափեյան եղբայրներ» ՍՊ ընկերության մասնակից է հանդիսանում Էդիկ Սափեյանը՝ 50 տոկոս բաժնեմասնակցությամբ, մինչդեռ Տավրոս Սափեյանի կողմից ներկայացված հայտարարագրում ներկայացված չէ Էդիկ Սափեյանի բաժնեմասնակցության վերաբերյալ տվյալը։

Հանձնաժողովը Տավրոս Սափեյանի հայտարարագրերում չներկայացված տվյալների հիմքով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ նախաձեռնելու մասին 2024 թվականի ապրիլի 25-ին Թալինի համայնքապետին հասցեագրել է ծանուցում՝ նրան հրավիրելով հանձնաժողով նշված առերևույթ խախտման վերաբերյալ վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու, գործի քննությանը մասնակցելու։

Տավրոս Սափեյանը գործի քննությանը չի ներկայացել, քննությունն իրականացվել է վերջինիս բացակայության պայմաններում։

Հանձնաժողովը որոշել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ 200000 դրամի չափով։ Որոշումն ուժի մեջ է մտել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել