«Սահմանազատման գործընթացն այս օրերին պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի բացման արարողությանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է.

«Հայաստանի և Ադրբեջանի պարագայում նույնպես խաղաղ ապրել սովորելու գործիքների կարիք ունենք: Այդ գործիքներից մեկը կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, այս նախագիծը միայն Հայաստանին ու Ադրբեջանին չի վերաբերում, բայց եթե այս համատեքստում նայենք, կարևոր կետերից մեկն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց համար բացում են ավտոճանապարհները, երկաթգծերը, միմյանց տարածքով խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ անցկացնելու հնարավորությունը, միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հարգման հիման վրա՝ հավասարության և փոխադարձության սկզբունքով: Տարածաշրջանային կոմունիկացիոն ուղիների բացման այս սկզբունքները համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում՝ Ադրբեջանի նախագահի, իմ և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ և հրապարակվել վերջինիս կողմից:

Իսկ միմյանց տարածքային ամբողջականությունը Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում պայմանավորվել են ճանաչել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Այդ հռչակագիրը ստորագրել են նախկին Խորհրդային Միության 12 հանրապետությունները, որպեսզի արձանագրեն, որ նախ՝ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և այդ պահին խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանների, որովհետև խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ պետություններ:

Ահա, 2022թ հոկտեմբերի 6-ին, Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է երկու երկրների միջև սահմանազատման հիմքը լինի»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն այս օրերին մեկնարկել է, և պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել