Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող  անհիմն հայտարարություններից․ հայտարարություն

Տավուշի մարզում և հանրապետության այլ բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում մեկնարկած հավաքների և բողոքի ակցիաների առաջին իսկ օրվանից Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Ապրիլի 22-ից ի վեր ՄԻՊ արագ արձագանքման խմբերն իրականացրել են ավելի քան 25 այցեր Ոստիկանության բաժիններ, բժշկական հաստատություններ, առանձնազրույցներ են ունեցել ավելի քան 300 անձանց հետ: 

Նշված ժամանակահատվածում առաջ եկած մի շարք խնդիրների, այդ թվում` իրավասու մարմինների կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման,  նվազագույն իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրների, պատգամավորին ազատությունից զրկելու, լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու, ատելության խոսքի բացառման, երեխաների լավագույն շահի երաշխավորման, հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու և հավաքներին մասնակցությունը հարկադրելու և այլ խնդիրների առնչությամբ Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել նաև հրապարակային հայտարարություններով, որոնք զետեղված են ombuds.am կայքում: 

Իրավասու մարմինների հետ հաղորդակցության արդյունքում լուծում են ստացել բազմաթիվ խնդիրներ։

Այս պահին էլ շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ապահովել Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը:

Վերոնշյալի հաշվառմամբ՝ կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող  անհիմն հայտարարություններից և գործել էթիկայի սկզբունքների պահպանմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել