Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի՝ ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ մասը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Երևան քաղաքի Իսակովի պողոտային և Եռաբլուրին կից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը։

Կատարված նախաքննությամբ պարզվել է որ ՀՀ ՊՊԾ-ում բաժնի պետի, ապա ՀՀ ՊՊԾ պետի առաջին տեղակալի պաշտոնն զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4,005 հա մակերեսով հողատարածքը, ապա նաև նույն հասցեում գտնվող 0,228 հա մակերեսով հողատարածքն ու դրա վրա առկա 161.9 քմ ընդհանուր մակերեսով շենքը, շինությունները՝ 19,4 քմ մակերեսով ծածկոցը, 83,6 քմ մակերեսով ծածկոցը, և 89.5 քմ մակերեսով ավտոտնակը օտարելու մտադրության մասին, նպատակադրվել է շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով ձեռք բերել դրանք:

Այդ նպատակով, նա, օգտվելով ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց հետ մտերիմ հարաբերություններ ունենալու հանգամանքից, համոզելու և այլ եղանակով վերջիններիս դրդել է իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, վերոգրյալ հողատարածքը վաճառել իրեն:

Այդ ուղղությամբ նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառման արդյունքում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4,005 հա մակերեսով 1.588.300.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը, ուղղակի վաճառքի հիմքերի բացակայության պայմաններում, հենց այդ եղանակով փաստացի ՀՀ ՊՊԾ նշված նախկին պաշտոնատար անձին է վաճառվել ընդամենը 360.450.000 ՀՀ դրամով, իսկ 72.300.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով 0,228 հա մակերեսով հողատարածքը և դրա վրա առկա 161.9 քմ ընդհանուր մակերեսով շենքը, շինությունները՝ 19,4 քմ մակերեսով ծածկոցը, 83,6 քմ մակերեսով ծածկոցը և 89.5 քմ մակերեսով ավտոտնակը՝ ընդամենը 43.270.000 ՀՀ դրամով։ Նշված գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ, այն է՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ առաջին գործարքով 1.227.850.000, իսկ երկրորդ գործարքով՝ 29.030.000 ՀՀ դրամի վնաս:

Ընդ որում, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, նշված գույքերի իրական պատկանելությունը, տնօրինման եղանակը, իրավունքները թաքցնելու, գործարքներն օրինական քաղաքացիական շղարշի ներքո ներկայացնելու և այդ կերպ հանցավոր գործունեության արդյունքում ստացված գույքերի ծագումը խեղաթյուրելու նպատակով, նշված նախկին պաշտոնատար անձը, որպես դրանց գնորդ, ներկայացրել է իր ազգական Ա.Մ-ին, ով հանդես է եկել իբր որպես գործարքի իրական կողմ, և դրանց նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է վերջինիս անվամբ:

Գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումից և դրանց նկատմամբ փաստացի սեփականության իրավունք ձեռք բերելուց հետո շարունակելով գույքի հանցավոր ծագումը թաքցնելուն, խեղաթյուրելուն ուղղված գործողությունները, ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձը նշված անշարժ գույքերը տրոհել է տարբեր մասերի, որոնք գրանցվել են իր հետ փոխկապակցված տարբեր անձանց անուններով, ապա, հետագայում դարձյալ տրոհվելով՝ համապատասխան գործարքների միջոցով գրանցվել են նրա ընտանիքի անդամների անվամբ, իսկ դրանց երկու տարբեր մասերն օտարվել են ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցրած Ռ․Ք․-ին:

Արդյունքում, ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձը վերը նկարագրված գործողություններով՝ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրավունքներն ու պարտականությունները խեղաթյուրելու նպատակով, իր հետ փոխկապակցված անձանց և ընտանիքի անդամների անվամբ գործարքներ իրականացնելով և վերջիններիս անվամբ գույքը գրանցելով, պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 1.588.300.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով և առանձնապես խոշոր չափերով՝ 72.300.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով վերը նշված գույքերը և դրանք տնօրինել ըստ հայեցողության:

Նշված արարքները կատարելու համար ՀՀ ՊՊԾ-ի նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):

Քրեական վարույթի՝ վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությունը հաստատելու, դատարան հանձնելու նպատակով ուղարկվել է վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել