Եթե անձի նկատմամբ, որի հանձնումը խնդրվում է, Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում է հարուցված, կամ այդ անձը Հայաստանի Հանրապետությունում դատապարտվել է այլ հանցագործության համար, ապա նրա հանձնումը կարող է հետաձգվել մինչև օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդումն ավարտելը, դատավճիռն ի կատար ածելը կամ պատժից ազատելը։ Ժամանակավոր հանձնված անձը պետք է օտարերկրյա պետության կողմից վերադարձվի այնտեղ վարվող քրեական գործի վարույթով այն դատավարական գործողությունները կատարելուց հետո, որի համար նա հանձնվել է, բայց ոչ ուշ, քան հանձնելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում։
Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի հիմնավորված խնդրանքի և դրա հետ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի համաձայնվելու դեպքերում այդ ժամկետը կարող է երկարաձգվել, բայց մեկ ամսից ոչ ավելի ժամանակով։
Ժամանակավոր հանձնված անձի` օտարերկրյա պետությունում գտնվելու ժամանակամիջոցը հաշվակցվում է Հայաստանի Հանրապետությունում նրա նախնական կալանքի կամ պատժի կրման ժամկետին։