Ի՞նչ երթուղիներով են տեղափոխվում ձերբակալված և կալանավորված անձինք

Ինչպես գիտենք, ձերբակալված և կալանավորված անձինք ձերբակալվածներին պահելու վայր (այսուհետ` ՁՊՎ), քրեակատարողական հիմնարկ, դատարան, բժշկական հաստատություն տեղափոխվում են ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ:

Ստորև ներկայացնում ենք ձերբակալված և կալանավորված անձանց համապատասխան հաստատություններ և վայրեր ուղեկցելու կարգը:

Նախ նշենք, որ ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումները:

Ուղեկցող ստորաբաժանումներն ստեղծվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության ոuտիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:

Ուղեկցող ստորաբաժանման պետն ուղեկցող ստորաբաժանման ծառայողներից կազմավորում է ուղեկցող պահակախումբ, որը բաղկացած է պահակախմբի ավագից և ուղեկցողներից:

Պահակախումբը կարող է լինել սովորական և ուժեղացված:

Պահակախմբի կազմը, տեսակը, թվաքանակը և զինվածությունը որոշում է ուղեկցող ստորաբաժանման պետը:

Սովորական պահակախումբը բաղկացած է`
1) 1-2 ձերբակալված և (կամ) կալանավորված անձի համար`
2 ուղեկցող.
2) 3-6 ձերբակալված և (կամ) կալանավորված անձի համար` 3 ուղեկցող.
3) 7-10 ձերբակալված և (կամ) կալանավորված անձի համար` 7 ուղեկցող:

Եթե ուղեկցող պահակախումբը բաղկացած է 6 և ավելի ուղեկցողներից, ապա նշանակվում է ուղեկցող պահակախմբի ավագի օգնական:
Ուժեղացված պահակախումբ կազմավորվում է, երբ հիմնավոր կասկածներ կան ենթադրելու, որ ուղեկցվողը կարող է դիմել փախուստի, վնասել իրեն կամ իրեն ուղեկցող կամ այլ անձանց, ուղեկցման օրը կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում:

Ուղեկցող ստորաբաժանման կողմից ուղեկցման երթուղիները մշակվում են հիմնական և լրացուցիչ (պահեստային) տարբերակներով, որոնք հաստատում է` Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը, իսկ մարզերում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարզային վարչության պետը:
Ուղեկցման երթուղիները մշակվում են տրանսպորտային միջոցների և քաղաքացիների ամենափոքր ծանրաբեռնվածություն ունեցող փողոցներով:

Եթե սպասարկվող դատարանները գտնվում են միևնույն երթուղու վրա, ապա կազմակերպվում է օղակաձև ուղեկցում` ՁՊՎ-ների, քրեակատարողական հիմնարկների և դատարանների միջև, ինչը նպաստում է ուժերի, տրանսպորտային միջոցների և երթուղիների արդյունավետ օգտագործմանը: Ուղեկցման ժամանակացույցները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների և քրեակատարողական հիմնարկների հետ:

Ձերբակալված և կալանավորված անձինք ուղեկցվում են հատուկ տրանսպորտային միջոցով, որը պարտադիր պետք է ունենա ռադիոկապ, բարձրախոս, լուսաձայնային սարք ու մեկ միասնական գունագրաֆիկ երանգավորում և պետք է ապահովված լինի նստատեղերով:

Ձերբակալված և (կամ) կալանավորված անձն ուղեկցման ժամանակ պետք է ունենա նստելու հնարավորություն:

Չորս և ավելի ժամ տևողությամբ ուղեկցման ընթացքում, որը ներառում է ուղեկցման ճանապարհը և (կամ) քննչական գործողությունը, ինչպես նաև ուղեկցման ճանապարհը և (կամ) դատական նիստը, ձերբակալված և (կամ) կալանավորված անձը պետք է ապահովվի սննդով: Երկարատև ուղեկցումների ժամանակ, կալանավորված անձի ցանկությամբ, նրան հնարավորություն է տրվում հոգալու իր բնական կարիքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել