«Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի Ազգային ժողովը «Պապլավոկ»-ի հետ»․ Արթուր Հովհաննիսյանը՝ civic.am-ի լրագրողի հետ կապված միջադեպի մասին

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց civic.am կայքի լրագրողի հետ կապված միջադեպի վերաբերյալ․ «ԱԺ շենքի դիմացի գլխավոր հատվածում civic.am-ի լրագրողը հարցազրույց վերցնելիս է եղել մեր պատգամավորից, ակնհայտ լրագրողական գործունեություն իրականացնելիս է եղել, դրանից հետո իրեն է մոտեցել Լևոն Քոչարյանի, ըստ էության, թիկնապահը, բայց որքանով տեղյակ եմ՝ օգնականի հաստիքի վրա գրանցված երիտասարդ, իր գործունեության  վերաբերյալ մեկնաբանություն է արել, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել լրագրողի հասցեին, հետո՝ հարվածել նրա դեմքին»։

Հարցին՝ ի՞նչն է եղել պատճառը, պատգամավորը պատասխանեց, որ պատճառը լրագրողական գործունությունն է, մեկնաբանությունները․ «Ես հիմա չեմ կարող մեջբերել և այլն, գիտեմ միայն, որ անկախ վերբալ մակարդակում՝ ով ինչ հայտարարություն է անում, Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի Ազգային ժողովը «Պապլավոկ»-ի հետ,  անբարոյական հայտարարություններ անել և փախած ման գալը որևէ կապ չունի քաղաքական գործունեության հետ, էլ չեմ խոսում տղամարդկության հետ, եթե էդ մարդիկ խոսում են, որ հողեր են հանձնում՝ գնանք փրկենք, մենք հայրենասերներն ենք, ուժեղ տղերքն ենք, էդ ուժեղ տղերքը փախած ման չեն գալիս»։

Նա հավելեց, որ այս միջադեպը իրավական գնահատականի է արժանանալու։

Հովհաննիսյանը՝ Բագրատ Սրբազանի հասցեին՝ civic.am-ի լրագրողի արված հայտարարությունը չմեկնաբանեց․ «Ես չեմ տեսել, որ որևէ ընդդիմադիր պատգամավոր մեկնաբանի իրենց լրագրողի արված հայտարարությունները, լրագրողը ազատ գործունեություն է իրականացնում, ՀՀ քաղաքացի է, որտեղ կա խոսքի ազատություն»։

Նշենք, որ լրագրողը օրերս իր անձնական յութուբյան ալիքի եթերով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին մեղադրել էր ռուսական շահերը սպասարկելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել