«Փաստաբանների նկատմամբ աննախադեպ, անընդունելի դեպքից հետո որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»․ Արման Թաթոյան

Փաստաբանների պալատում «Փաստաբանների իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմայով ապրիլի 25-ին տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ ելույթ ունեցավ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

Անդրադառնալով փաստաբանների դերի ու կարևորության հարցին՝ իր ելույթում նշեց՝ պալատը Հայաստանի իրավական համակարգի կայացած ինստիտուտներից է, Հայաստանի իրավական համակարգը, ի պատիվ փաստաբանների պալատի, այսօր ունի հենց այս իմաստով կարևոր զարգացում։

Թաթոյանի խոսքով՝ փաստաբանության ինստիտուտի վերաբերյալ ընկալման հետ կապված կան հարցեր, որոնք հանգեցնում են գործնականում փաստաբանների դերի հետ կապված խնդիրների։ Սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում առկա է վիրավորանք փաստաբանների նկատմամբ, սխալ մեկնաբանություններ․ «Որպես մարդու իրավունքների պաշտպան, նաև դրանից առաջ, իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանն ինքը որևէ գործողություն, քայլ չի արել այդ ուղղությամբ։ Ցավոք սրտի, կան նաև իրավիճակներ, երբ փաստաբանն անգամ դիտարկվում է որպես հանցագործություններն արդարացնող, հանցանք կատարած անձանց աջակցող, մինչդեռ փաստաբանն ունի իրավապաշտպան գործառույթ»։

Նշեց, որ սխալ ընկալումներ կան իրավապահ համակարգում՝ փաստաբանների դերի վերաբերյալ, այստեղից են գալիս նաև հիմնական խոչընդոտները։ Հիմնարար խոչընդոտներից է փաստաբանների մուտքի ապահովումը քրեական հետապնդման սկզբնական փուլերում՝ ոստիկանության բաժիններ, քննչական մարմիններ։ Տարիներ ի վեր, ըստ Թաթոյանի, դա եղել է Հայաստանի խրոնիկ խնդիրներից մեկը, երբ, օրինակ, փաստաբանը հրատապ պետք է մուտք գործի քննչական մարմին, տարբեր պատճառաբանություններով թույլ չի տրվում նրա մուտքը։

Հաճախ իրավապահ մարմինները կամայական մեկնաբանության են ենթարկում օրենքն անկանխատեսելիություն ապահովելով փաստաբանի համար։

«Փաստաբանի հետ կապը հիմնարար նշանակություն ունի, մանավանդ քրեական վարույթի սկզբնական փուլերում, որովհետև փաստաբանի իրավունքը նախ ամենահիմնարար նվազագույն մի քանի իրավունքներից է, որոնք թե՛ ՄԻԵԴ-ը, թե՛ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն, թե՛ այլ միջազգային կառույցներ արձանագրել են որպես խոշտանգումից կամ վատ վերաբերմունքից պաշտպանության երաշխիք, որը առավել սկզբնական փուլերում է սկսում գործել, դրանից բացի նաև պաշտպանություն ապօրինի հնարավոր քրեական հետապնդումից»,-ընդգծեց Թաթոյանը։

Առանձնահատուկ խնդիր էր և այն, երբ անցյալ տարի մի խումբ փաստաբաններ ենթարկվեցին բռնության՝ գտնվելով իրավապահ մարմնում և իրականացնելով օրենքով նախատեսված գործառույթները։

Թաթոյանի պնդմամբ՝ սա աննախադեպ երևույթ էր, և պետք է պարտադիր արժանանար պետության քրեաիրավական արձագանքին, ավելին՝ այդ հանցանքը կատարողները պետք է ենթարկվեին քրեական պատասխանատվության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել