Ինչո՞ւ է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել ՔԿ․ պարզաբանում

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի կացարանում 2023 թ. տեղի ունեցած հրդեհի գործով։ Այդ մասին նա ասել է կոմիտեի բակում հավաքված լրագրողներին։

Հիշեցնենք՝ 2023 թ. հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։ Հրդեհից առաջ Մախսուդյանը զբաղեցրել է երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ–հրամանատարի տեղակալի պաշտոնը։

«Ազատ գյուղի հետ կապված ես որևէ վարույթով չեմ անցել, իսկ հիմա որոշել են, որ ես այս վարույթով պիտի անցնեմ։ Դա արդեն բոլորի համար հասկանալի է, ու ես ոչ մի բանից չեմ վախենում. իմ պայքարն արդար է, հանուն հողի, արդարության»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Iravaban.net-ի հետ զրույցում սակայն Քննչական կոմիտեից հայտնեցին, որ սովորաբար չեն հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական գործողությունների մասին։

«Բայց քանի որ Մախսուդյանն արդեն հայտնել է, թե իրեն ինչ քրեական վարույթի շրջանակներում են հրավիրել Քննչական կոմիտե և փորձ է արվում դրան տալ քաղաքական աստառ, ընդամենը հարկ եմ համարում արձանագրել, որ վարույթի անջատված մասով շարունակվող նախաքննության շրջանակներում իրականացվում են ակտիվ քննչական և վարութային գործողություններ, մասնավորապես հարցաքննություններ են իրականացվում այդ ընթացքում զորամասի որոշակի իրավասություններով օժտված պաշտոնատար անձանց հետ, որոնցից հեթականը, պլանավորված, իրականացվում է Մախսուդյանի հետ։

Այսինքն այս գործընթացը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ նրա հրապարակային գործունեության հետ»,-մեզ հետ զրույցում հայտնեցին կոմիտեից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել