ՀՀ կառավարության որոշմամբ «Քոչարի»-ն ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգությունների շարքում

«Քոչարին» ժողովրդական պարարվեստ է, համաժողովրդական պար: Այն հիշատակվում է դեռևս վաղ միջնադարից:

Պահպանվում է հասարակության մեջ, փոխանցվում է ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման միջոցով, ինչպես նաև ժառանգաբար` ընտանիքի ավագներից երիտասարդներին: Տարածված են քոչարու տարբեր տեսակներ` ըստ տեղավայրի (Ապարանի, Ալաշկերտի, Մուշի, Սասնաև այլն) ու ըստ պարաձևի (մեկտակ քոչարի, երկուտակ քոչարի, երեքտակ քոչարի և այլն):

«Քոչ» արմատն ըստ երևույթին կապ ունի չամորձատված` չկրտած ոչխարի-խոյի-գոչ-ղոչ և խոչ անվանումների հետ, գալիս է վաղնջական ժամանակներից և կապված է խոյի պաշտամունքի հետ: Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը` համարձակ, խիզախ, քաջ: Թեպետ պարողներն այլևս չեն հիշում պարատեսակի նախկին «խոյ-այծային» բովանդակության մասին, սակայն ժամանակն ու հետագա շերտավորումը չեն կարողացել ամբողջովին հաղթահարել նրա նախասկզբնական (վաղնջական) ձևը:

«Քոչարու» ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի պոզահարումը, այծամարդու շարժումները: Շարժումների նշանակությունն առավել լավ արտահայտված է դեպի առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, որոնցով ասես արտահայտվում է ախոյանին պոզահարելու ցանկությունը: Կենսունակ է, որովհետև կիրառական է ընտանեկան, հասարակական խնջույքների, տոնախմբությունների, միջոցառումների ժամանակ:

Քոչարին հայկական ժողովրդական ծիսական խմբապար է: Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է: Բաղկացած է 2 մասից` չափավոր ու արագ: Երաժշտական չափը` 2/4, 4/4, 8/4: Ռիթմը շատ ճկուն է, իմպուլսիվ և հաճախակի սինկոպաներով: Պարաձևում քայլերը խրոխտ են, կտրուկ, մեծ ծնկածալերով ու ծունկկոտրուկներով: Պարը հրապուրիչ է առնական դինամիկայով: Կատարում են իրար սեղմված ձեռքերի անքակտելի բռնելաձևով, գլուխները բարձր, կիսաշրջանով կամ ուղիղ գծի դասավորությամբ: Կատարվում է զուռնայի և դհոլի նվագակցությամբ:

«Քոչարին» ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել