ԳՐԵԿՈ-ն ողջունել է նոր Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը

Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստի շրջանակներում հաստատված Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը։ Գնահատման այս փուլը վերաբերում է «Կոռուպցիայի կանխարգելմանը և բարեվարքության խթանմանը բարձրագույն գործադիր և իրավապահ մարմիններում»։

Զեկույցում ԳՐԵԿՈ-ն ընդգծել է 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ կոռուպցիայի դեմ պայքարը խթանելու ուղղությամբ։ ԳՐԵԿՈ-ն ողջունել է 2023թ․ հոկտեմբերի 26-ին հաստատված նոր Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որն անցել է մշակման երկարատև, ընդգրկուն և ներառական գործընթաց՝ ապահովելով քաղաքացիական հասարակական մասնակցությունը գործընթացին։

Ըստ ԳՐԵԿՈ-ի՝ Ռազմավարությունը նախատեսում է խոստումնալից զարգացումներ, որոնք համահունչ են միջազգային ստանդարտներին և մեծամասամբ հասցեագրում են ԳՐԵԿՈ-ի կողմից բարձրաձայնված խնդիրները:

ԳՐԵԿՈ-ն ողջունել է դեռևս 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների ծրագրի շրջանակում ՀՀ-ում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը, այդ թվում՝ հակակոռուպցիոն եռաստիճան դատական համակարգը։

Միաժամանակ, դրական է գնահատվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործարկված հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգի և իրական շահառուների էլեկտրոնային ռեգիստրի ստեղծումը: Վերջինիս շնորհիվ, ԳՐԵԿՈ-ի գնահատմամբ, Հայաստանը առաջին երկրների շարքում է, որն առցանց տվյալներ է հրապարակել իրական շահառուների վերաբերյալ:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև հակակոռուպցիոն պարտավորությունների մոնիթորինգի գործընթացում քաղաքացիական հասարակության լայն ներգրավվածությանը, ինչպես նաև օրինաստեղծ գործընթացում հանրային քննարկումների իրականացման դրական պրակտիկային: ԳՐԵԿՈ-ն ողջունել է նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու կառուցակարգերը։

Այսպիսով, ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի շրջանակում տրվել են 22 հանձնարարական, բարձրագույն գործադիր մարմինների և ոստիկանության համար՝ համապատասխանաբար 11-ական հանձնարարական։ Վերջիններիս շրջանակում, առաջարկվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար (PTEF) սահմանել բարեվարքության ստուգման կառուցակարգեր պաշտոնի ստանձնումից առաջ և պաշտոնավարման ընթացքում, պարբերական վերապատրաստումներ և իրազեկման միջոցառումներ արդեն իսկ ընդունված վարքագծի կանոնագրքի շրջանակում, ամրապնդել հաշվետվողականության համակարգը Կառավարությունում և տեղեկատվության մատչելիության կառուցակարգերը:

Նշյալ 22 հանձնարարականների կատարման ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ԳՐԵԿՈ-ին կներկայացվի մինչև 2025թ. սեպտեմբերի 30-ը, որից հետո ԳՐԵԿՈ-ն կստուգի դրանց համապատասխանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել