Ֆինանսական համակարգի հաշտարարը քննում է ֆինանսական կազմակերպությունների դեմ հաճախորդների ներկայացրած մասնավոր իրավահարաբերություններից բխող պահանջները:
Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք
· ներկայացվում են հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ,
· կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ և
· պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:
Միայն այս երեք պահանջների միաժամանակյա առկայության դեպքում ֆինանսական հաշտարարը կարող է քննել գործը:
Իսկ ի՞նչ հասկանալ կազմակերպություն կամ հաճախորդ ասելով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից վեճի քննության առումով կազմակերպություն ասելով պետք է հասկանալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիա ունեցող անձ (բացառությամբ արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների լիցենզիա և վճարային գործարքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած անձանց, ինչպես նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Բյուրոն):
Իսկ հաճախորդը այն ֆիզիկական անձն է, ով օգտվում է Կազմակերպության ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար: