Պետական գրանցում ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման` այդ անձանց հարկային այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման` օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե նշված անձանց կողմից տարածքային հարկային մարմին են ներկայացվում`
ա) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների առանձին տողով առանձնացված ակցիզային հարկի գումարով` օրենքով հարկային հաշիվ համարվող և վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.
բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով «արտահանում` ազատ շրջանառության համար», կամ «վերաարտահանում» ռեժիմով լրացված մաքսային հայտարարագրի պատճենը` «Բացթողումը թույլատրված է» նշումով:
Հարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում է այլ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում, կամ հաշվանցվում է այլ հարկային պարտավորությունների հաշվին`
ա) ակցիզային հարկ վճարող անձանց համար` օրենքով սահմանված յուրաքանչյուր եռամսյակի ակցիզային հարկի հաշվարկների հիման վրա` հարկ վճարողի դիմումի և վերը նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` երեսուն օրվա ընթացքում.
բ) ակցիզային հարկ վճարող չհամարվող անձանց համար` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով դիմումի և վերը նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` երեսուն օրվա ընթացքում:
Արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 810 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: