ՄԻՊ հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ

Մարդու իրավունքների պատշպանը հայտարարություն է տարածել կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է․

«Ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված հարցումներին՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով դեռևս 2024 թվականի հունվարի 19-ին Պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգի հիման վրա նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ են հասցեագրվել Առողջապահության նախարարություն և Գլխավոր դատախազություն։

Հունվարի 26-ին Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել «Էրեբունի» բժշկական կենտրոն, առանձնազրույց ունեցել Մարիետա Խաչատրյանի հետ։ Այնուհետև, ևս 2 այց է իրականացվել է «Աբովյան» ՔԿՀ՝ փետրվարի 29-ին և մարտի 5-ին՝ Մարիետա Խաչատրյանին տեսակցելու նպատակով։ Կատարված այցերի արդյունքում բանավոր քննարկումներ են տեղի ունեցել Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և Առողջապահության նախարարության իրավասու պաշտոնյայի հետ, որից հետո Մարիետա Խաչատրյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նույն օրը, վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու պահանջով, գրություն է  հասցեագրվել Առողջապահության նախարարություն։

Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նշված հարցով մշտական կապի մեջ են ինչպես Մարիետա Խաչատրյանի մոր, այնպես էլ  Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և պատասխանատու մյուս գերատեսչությունների իրավասու ներկայացուցիչների հետ։

Նշենք նաև, որ Մարիետա Խաչատրյանի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում  ստացվել են դիմումներ դեռևս 2023 թվականից, որոնց վերաբերյալ շարունակվում է քննարկման ընթացակարգը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել