Երևանի ավագանու անդամ Լուսինե Սարգսյանը հրավիրված հերթական նիստի ժամանակ հայտնեց, որ Ավանի դպրոցներից մեկում բարոյահոգեբանական մթնոլորտը լարված է․ «Անհանդուրժողականությունը հասել է այն մակարդակի, որ ուսուցիչներից մեկը մարմնական վնասվածք է ստացել, ծնողներն էլ ստիպված են երեխաներին տեղափոխել դպրոցից՝ բուլինգի պատճառով։ Անունը չեմ նշի, որպեսզի չթիրախավորեմ»։
Նա հետաքրքրվեց, թե քաղաքապետարանի համապատասխան վարչությունը ինչպիսի քայլեր է կատարել այս ուղղությամբ։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանն ի պատասխան հայտնեց, որ դեպքի մասին տեղյակ են, 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտներ են վիճել, ուսուցիչն էլ փորձել է հաշտեցնել, որի ընթացքում էլ վնասվածք է ստացել։
«Վնասվածքը մեծ չի եղել, միջադեպը հարթվել է, ուսուցիչը լավ է։ 108 հազար սովորող ունենք, ինչպես տարիքային առանձնահատկություններով, այնպես էլ հասարակությունում տիրող մթնոլորտով պայմանավորված պարբերաբար կարող են նման դեպքեր տեղի ունենալ»,-նշեց Խաչատրյանը։
Վարչության պետի խոսքով՝ այժմ Երևանի 26 դպրոցներում բուլինգի կանխարգելման և հակազդման ուղղությամբ սեմինարներ են անցկացվում։
Լուսինե Սարգսյանն ի պատասխան նշեց, որ իր տեղեկություններով՝ խնդիրը տևական ժամանակ է, որ առկա է։
Դիտարկմանն արձագանքեց նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ վերջին շրջանում մի շարք մանկապարտեզների և դպրոցների տնօրեններ են ազատվել պաշտոնից նաև բարձրացված խնդիրների պատճառով։
«Պատժի չափը պետք է համաչափ լինի, ավելորդ խստություն պետք չէ կիրառել։ Եթե չեմ սխալվում, 20 մանկապարտեզների տնօրենների փոփոխություններ ենք ունեցել, նաև նմանատիպ դեպքերով»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։